‘
Ֆրանսիայի լազուրե ափին գտնվող Նիս քաղաքում Բաստիլի օրվա տոնակատարության ժամանակ բեռնատար ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Ըստ տեղեկությունների՝ կան բազմաթիվ զոհեր:
Միջադեպը տեղի է ունեցել Անգլիական առափնյակում, երբ մարդիկ տոնական հրավառություն են դիտել: Բեռնատարը մեծ արագությամբ 2 կիլոմետր անցել է հոծ բազմության միջով:
Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին տեղի ունեցածն անվանել է վատթարագույն միջադեպը քաղաքի պատմության ընթացքում և հաղորդել ավելի քան 70 զոհերի մասին: Նրա ասելով՝ բեռնատարում հայտնաբերվել են նռնակներ և զենք:
Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 84-ի, ևս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում են:
Նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում: «Ողջ Ֆրանսիայի վրա կախվել է իսլամական ահաբեկչության սպառնալիքը: Այս պայմաններում մենք պետք է բացարձակ զգոնություն և վճռականություն դրսևորենք»,- ընդգծել է Օլանդը: Նա հայտարարել է, որ նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո մտցված արտակարգ դրությունը, որը Ֆրանսիայի իշխանությունները մտադիր էին չեղյալ հայտարարել հուլիսի վերջին, կերկարացվի ևս երեք ամսով:
Փոխանցում է BBC-ն:
‘