‘
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով որպես վկա անցնող Հրանտ Միրիջանյանին որպես վկա նորից դատակոչելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Միրիջանյանը նախկինում արդեն ցուցմունք էր տվել, բայց առաջին ատյանի դատարանը ցուցաբերել էր կողմնակալ վերաբերմունք: Տիգրան Առաքելյանը մեջբերել է վկայի խոսքերը, որ նախկինում նրան ծեծելով են դահլիճ բերել, որի ընթացքում մայրը խնդրել է միջոցներ ձեռք առնել, որ ոստիկանության ձեռքից դուրս բերեն որդուն, ինչն անտեսվել է դատարանի կողմից, և դատարանը փորձել է հնարավորիս շուտ ավարտել ցուցմունքի պրոցեսը: Առաքելյանը նաեւ նշել է, որ ապացույց է հանդիսանում մարտի 24-ին «ՉԻ» թերթում հրապարակված՝ Հրանտ Միրիջանյանի հետ հարցազրույցը, որտեղ նա արել է այնպիսի հայտարարություններ, որոնք հաստատում են իր վրա գործադրված ճնշումները, պատմել է գործի հետ կապված ողջ իրականությունը, որը իր նախկին ցուցմունքին չի համապատասխանում, ավելին, հարցազրույցից պարզ երևում է, որ նա չի գտնվել դեպքի վայրում:
Դատարանը հետաձգեց ակտիվիստների գործով դատավարությունը. այն կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12-ին: Դատարանը նաեւ չթույլատրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանին ներկայացնել՝ քաղբանտարյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հավելենք, որ շատերը սպասում էին, որ Առաքելյանը կարող էր այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ եւս տարածվում է Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներումը: Սակայն Առաքելյանն այսօր էլ ազատ չարձակվեց:
‘