‘Նկարիչների միությունում նախագահ են ընտրում’

646

Այսօր մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության հերթական՝ 18-րդ համագումարը, որին մասնակցում է միության 500 անդամ:

Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են երեք թեկնածու՝ Ռոբերտ Այվազյանը, Արմեն Աթանյանը և Կարեն Աղամյանը: Վերջինս արդեն 15 տարի շարունակ ղեկավարում է միությունը:

Համագումարի ընթացքում հնչած հարցին, թե արդյոք Կարեն Աղամյանը չի՞ կարծում, որ տասնհինգ տարին բավարար է նախագահելու համար, Աղամյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ տասնհինգ տարին փորձ է: Եթե կցանկանաք, որ շարունակեմ նախագահել, ես պատրաստ եմ և կդնեմ իմ թեկնածությունը»:

Կարեն Աղամյանին զայրացրել է «Առավոտի» լրագրող Գոհար Հակոբյանի հարցը,  թե Աղամյանը, որպես միության նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, ինչո՞ւ չի իջնում նախագահությունից և տեղ զբաղեցնում դահլիճում՝ ի թիվս այլ թեկնածուների:

Հակոբյանի հարցը զայրացրել է միության անդամներից ևս մեկին, ով դահլիճից կոչ է արել  լրագրողին դուրս շպրտել դահլիճից:

Նշենք, նաև, որ երբ միության նախագահի թեկնածուներից Արմեն Աթանյանն սկսել է քննադատել միության ներկայիս ղեկավարին և մատնանշել է միության վերջին տարիների բացթողումները, դահլիճից նկարիչ Մարտին Ագողլյանը սկսել է վիրավորել թեկնածուին՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, հիմար բաներ ես ասում, իջիր բեմից»:

Համագումարի պատվիրակներից Հաղթանակ Շահումյանը հայտարարել է, որ միությանը պետք չէ միանձնյա նախագահ, պետք է վերջ տալ միանձնյա նախագահության ինստիուտին և միությունը ղեկավարել կոլեգիալ հիմունքներով:

Նկարիչների միության համագումարը դեռ շարունակվում է, ընտրության արդյունքները հայտնի կդառնան վաղը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Սիթին» չեմպիոնության գլխավոր հավակնորդ’
Հաջորդ հոդվածը‘Վուրալ. Թուրքիայի իշխանությունները մտադիր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը’