‘
Վլադիմիր Պուտինի և Լյուդմիլա Պուտինայի ամուսնալուծության լուրը ստիպեց պատմությունից այլ օրինակներ վերհիշել, թե ինչպես են ռուսաստանյան պետության ղեկավարները բաժանվել իրենց կանանցից: Իրականում նման բան չի եղել համարյա թե երբեք. որպես կանոն՝ եթե իշխող զույգի հարաբերություններում սառնություն էր մտնում, ապա նրանք, «պատշաճությունից» ելնելով, միևնույն է՝ առերես պահպանում էին ամուսնությունը: Իսկ հին ժամանակներում ռուս ինքնակալները պարզապես ազատվում էին ատելի դարձած կանանցից:
Ռուսաստանյան վերջին տիրակալը, որը պաշտոնապես հայտարարել է իր ամուսնալուծությունը, եղել է Պետրոս Առաջինը: 1697 թ. նա, Եվրոպայում եղած ժամանակ, այնտեղից կարգադրություն է ուղարկում. իր կնոջը՝ Եվդոկիա Լոպուխինային, որի հետ դեռ պատանի հասակում ցարին ստիպել է ամուսնանալ մայրը՝ Նատալյա Նառիշկինան, ուղարկել մենաստան: Սա հավասարազոր էր ամուսնալուծության:
Եվդոկիան ընդդիմանում է, խնդրում, որ պատրիարքը միջնորդի իր համար, բայց ապարդյուն: Վարկածներից մեկի համաձայն՝ Պետրոսն սկզբում ցանկացել է մինչև իսկ մահապատժի ենթարկել կնոջը, սակայն հետո, այնուամենայնիվ, հակվել է իր խնդրի ավելի «քաղաքակիրթ» լուծման տարբերակին: 1698 թ. Եվդոկիային պահակախմբի ուղեկցությամբ հասցնում են Սուզդալ-Պոկրովսկի վանք, ուր, ավանդույթի համաձայն՝ աքսորում էին թագուհիներին, և միանձնուհի ձեռնադրում, տեղեկանում ենք, մասնավորապես, «Պետրոս Մեծը և նրա ժառանգները» գրքից:
‘