‘
Ամերիկացի և իտալացի խուզարկուները միասին բացահայտել են հանցավոր մի կազմակերպություն, որը կոկաին է վաճառել նյույորքյան պիցերիներից մեկում:
ՀԴԲ-ն ձերբակալել է մի քանի հոգու, այդ թվում՝ հանցախմբի գործունեությունը ղեկավարող Գրեգորիո Ժիգլիոտիին, որը Cucino A Modo Mio («Յուրովի եմ պատրաստում») ռեստորանի սեփականատերն էր:
Ձերբակալվել են նաև կալաբրիական մաֆիայի հետ կապ ունեցող 13 իտալացիներ:
Ինչպես հայտնի է, Իտալիայի հարավային Կալաբրիա նահանգում գործում է «Նդրագետա» մաֆիան, որի ազդեցությունն անկասելիորեն մեծանում է:
Ձերբակալվածները մեղադրվում են Լատինական Ամերիկայից ԱՄՆ և Եվրոպա կոկաինի մատակարարում կազմակերպելու մեջ: Ամերիկյան ոստիկանությունը պիցերիայում հայտնաբերել է զենք և մոտավորապես 60 կգ կոկաին: Հենց կոկաինի վաճառքի շնորհիվ է «Նդրագետան» դարձել Իտալիայի ամենաուժեղ մաֆիան, նշում են փորձագետները: Փոխանցում է BBC-ն:
‘