‘
Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի արտահերթ ընտրությունները նշանակել է ապրիլի 14-ին, հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները հայտարարում էին, որ ընտրություններն անց են կացվելու ոչ ուշ, քան Ուգո Չավեսի մահվանից 30 օր անց՝ առանց կոնկրետ օր նշելու:
Իշխող կուսակցությունն ընտրություններին կներկայացնի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ու Չավեսի հիվանդության ժամանակ նրա պարտականությունները կատարող Նիկոլաս Մադուրոն: Մարտի 8-ին նա երդում է տվել որպես ժամանակավոր նախագահ:
Վենեսուելայի ընդդիմությունը դեռ ընտրությունների օրվա նշանակումից առաջ հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է միասնական թեկնածուով, որը Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիելեսան է:
Վերջին 14 տարիներին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ուգո Չավեսը մահացավ մարտի 5-ին երկարատև հիվանդությունից հետո: Չավեսի առողջական վիճակը չխանգարեց նրան հաղթանակ տանել 2012-ի աշնանն անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն պաշտոնապես երկրի նախագահ դառնալ նա այդպես էլ չհասցրեց:
‘