‘Նոբելյան մրցանակակիրները Երեւանում դասախոսություններով հանդես եկան ‘

1014

Քաղցկեղը համայն մարդկությանը հուզող խնդիր է. այն համարվում է դարի հիվանդություն, որը, բարեբախտաբար, հաճախ չի հանդիպում երիտասարդների շրջանում: Ուրախալի փաստ է, որ քաղցկեղների մեծ մասն այսօր վերանում են, որոնցից է, օրինակ, ստամոքսի քաղցկեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 4-ին Մատենադարանում կազմակերպված դասընթացի ժամանակ ասաց Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահ Թիմ Հանթը: Վերջինս բջջի բաժանումը կարգավորող  սպիտակուցների` ցիկլինների հայտնագործման համար ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիր է:Գիտնականը ստամոքսի քաղցկեղի նվազումը պայմանավորում է հանրային առողջապահության զարգացմամբ:  

«Քաղցկեղի որոշ տեսակներ աճ են արձանագրում, օրինակ` թոքերի քաղցկեղը: Ծխելու եւ թոքերի քաղցկեղի միջեւ մեծ կապ կա: Ծուխը քիմիկատներ է պարունակում, որոնք վնասում են ԴՆԹ-ն: Քաղցկեղի բուժման համար պետք է բոլոր հատիկ բջիջներից ձերբազատվել: Եթե քաղցկեղ ունեք, աղոթեք, որ բջիջները մի տեղում լինեն հավաքված, որպեսզի վիրաբույժը պարզապես կտրի ու հանի այն»,-ասաց նա:

Կանաչ ֆլյուրեսցենտային սպիտակուցի հայտնաբերողն ու անջատման մեթոդի մշակող Մարտին Չալֆին, ով Օսամու Շիմոմուրայի եւ Ռոջեր Ցիենի հետ համատեղ 2008 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնական է, հանդես եկավ կանաչ ֆլյուրեսցենտային սպիտակուցի հետ կապված դասախոսությամբ:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի անդամ, ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանի խոսքով` այսօրինակ միջոցառումը նոր է Հայաստանի համար: «Այս դասախոսությունները ոչ միայն նեղ, այլեւ տարբեր ոլորտների մասնագետների համար են նախատեսված: Այս կերպ մենք ցանկանում ենք բարձրացնել հասարակության հետաքրքությունը գիտության հանդեպ»,-ասաց նա: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի ծրագրի շրջանակներում Հայաստանում կհուրընկալվեն տարբեր գիտնականներ, որոնք տարբեր դասախոսություններ կկարդան: 

Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակակիրները բավականին տպավորված էին մեր երկիր կատարած այցով:

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող  «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում այսօր երեկոյան Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ  տեղի կունենա նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի ունենալիք քննարկմանը 25 երիտասարդ բնագետներ հնարավորություն կունենան Նոբելյան մրցանակակիրների հետ անմիջական շփման միջոցով քննարկել իրենց հետաքրքրող հարցերը եւ  խորհուրդներ ստանալ:

Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները կազմակերպվել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի , Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Մատենադարանի աջակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Մայր Աթոռում ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը մատները «խա՞չ է անում» ‘
Հաջորդ հոդվածը‘Եվս մեկ զոհ և մեկ պատանդ Սիրիայում ‘