‘Նոբելյան մրցանակի առաջադրում՝ մարիխուանան օրինականացնելու համար’

741

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան առաջադրվել է 2014 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի:  Ուրուգվայի ղեկավարին առաջարկվում է մրցանակ շնորհել մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը օրինականացնելու համար: «Ես երախտապարտ եմ նման բարձր պատվի համար: Մենք ընդամենն առաջարկել ենք այլ ճանապարհ ընտրել, որովհետև հետապնդումնենրն այլևս արդյունավետ չեն: Չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ չէ: Եւ կարծում ենք՝ անհրաժեշտ է գիտականորեն բացատրել, որ թմրամոլությունը լավ բան չէ: Մենք առաջարկում ենք  պայքարել ոչ թե մարիխուանայի, այլ թմրատրաֆիկի դեմ»,- Հավանայում լատինաամերիկյան առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է Մուխիկան, մեջբերում է The Huffington Post-ը:

Ուրուգվայի նախագահի և նրա կողմնակիցների կարծիքով՝ մարիխուանայի արտադրության և վաճառքի օրինականացումը եկամուտներից կզրկի թմրավաճառներին և կնպաստի թմրահանցագործությունների դեմ պայքարին: Դա կարող է ավելի լավ աշխատել, քան արգելող քաղաքականությունը, որը, միևնույն է, մարդկանց ետ չի պահում «խոտ ծխելուց», համոզված է Ուրուգվայի ղեկավարը:

Խոսե Մուխիկան, որին հաճախ անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահը, անցյալ տարի նույնպես առաջադրվել էր Նոբելյան մրցանակի: Այն ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանում էր, օրինակ, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Սակայն մրցանակը բաժին հասավ Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը:

Մուխիկան և նրա տիկինը իրենց աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում են աղքատների համար բնակարանների շինարարությանը՝ իրենց թողնելով անհրաժեշտ ամենաչնչին գումարը: Նախագահական ժամկետի ավարտից հետո Մուխիկան մտադիր է որդեգրել իր շրջանի 30-40 երեխաների: Ուրուգվայում հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014 թ. աշնանը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վոլցեխ Յարուզելսկուն մեղադրում են ամուսնական դավաճանության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Նուլանդը ներողություն է խնդրել հայհոյանքի համար’