‘«Նոյան Տապան»-ը արձագանքել է մեր հրապարակմանը ‘

948

«Նոյան Տապան» ՍՊԸ-ն գրավոր նամակով արձագանքել է մեր կայքում հրապարակված «ԱԳՆ-ն անտեսանելի ժապավեննե՞ր է գնում» լուրին:

«Ուշացումով արձագանք» վերտառությամբ պատասխանում գրված է.

«ԱԳՆ-ն անտեսանելի ժապավեններ չէր կարող գնել՝ «Նոյան տապան» գրատանը «անտեսանելի» ապրանք չի վաճառվում:

Առաջին պարբերությունում մանրամասնորեն նկարագրված գործարքը իրոք կայացել է, եւ ցանկության դեպքում դա հեշտ էր ճշտել: Հեղինակի համար այդպես էլ «անտեսանելի» մնացած ժապավենները եղել են եւ այսօր էլ կան վաճառքում:

Ինչ վերաբերում է նյութի երկրորդ պարբերությանը՝ հեռախոսազանգի միջոցով «Նոյան տապան»-ից տեղեկատվության ճշգրտումներին, ապա հեղինակը մերկապարանոց հայտարարություն է անում՝ չնշելով եր՞բ եւ ու՞մ է զանգել: Մեզ էլ չի հաջողվում պարզել այդ աշխատակցի ինքնությունը: Չի բացառվում, որ զանգը «Նոյան տապան» չէր էլ հասել, իսկ հեղինակը դարձել է «անտեսանելի» չարաճճիության զոհ:

Նման մասնագիտական մակարդակով պատրաստված նյութը հիշեցնում է իրավասու մարմիններին ուղղված «հանցագործության մասին» անստորագիր հաղորդում, ստվեր գցում ինչպես «Նոյան տապան» ընկերության, այնպես էլ մեր գնորդի՝ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հեղինակության վրա:

Հարգանքով՝ տնօրեն Ֆրիկ Մկրտչյան»: 

Խմբագրության կողմից. նշենք, որ լուրում հիշատակվող զանգն իսկապես կայացել է, եւ որպես գնորդ ներկայացած լրագրողի զանգին պատասխանել է հենց նույն ՍՊԸ-ի աշխատակիցը: Կարծում ենք՝ ընկերությունը ցանկության դեպքում կարող է պարզել, թե ով է պատասխանել մեր լրագրողի զանգին: 

Նախորդ հոդվածը‘Սևան ՔԿՀ-ում կալանավորը փորվածքով փորձել է փախուստի դիմել’
Հաջորդ հոդվածը‘Աբովյան փողոցում տեղադրված կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են’