‘Նոյեմբերի 5-ին ձերբակալվածների իրավունքները խախտվում են’

929

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 5-ին ձերբակալված Արման Մխիթարյանի, Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի հարազատները նշեցին, որ նրանք Ազատության հրապարակ են եկել ոստիկանների և ակտիվիստների միջև բախումից հետո միայն և չեն մասնակցել ընդհարմանը:

Նրանք հայտարարեցին, որ իրենց, ինչպես նաև՝ փաստաբաններին, թույլ չի տրվել տեսակցել իրենց հարազատների հետ և պնդեցին, որ տեղեկություններ չունեն Շանթ Հարությունյանի հետ  նրանց շփումների մասին, սակայն նշեցին, որ բոլորն էլ տարբեր հասարակական-քաղաքական շարժումների կամ նախաձեռնությունների անդամներ են եղել:

Ավետիս Ավետիսյանի մայրը տեղեկացրեց, որ որդին վերջերս աչքի ծանր վիրահատության է ենթարկվել և բուժօգնության կարիք ունի, ինչը, նրա խոսքով՝ չի տրամադրվում, ուստի Ավետիսը մտադիր է հացադուլ  հայտարարել (ըստ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Սուեն Իսկանդարյանի տարամադրած տեղեկատվության՝  Ավետիս Ավետիսյանն արդեն  հացադուլ է հայտարարել): Հարազատների պնդմամբ՝ բուժօգնության կարիք ունեն նաև մյուս ձերբակալվածները, ուստի իրենք պահանջում են անհրաժեշտ բժշկական օգնություն հատկացնել նրանց,  տեսակցության հնարավորություն ընձեռել և արդար դատաքննություն իրականացնել:

Նրանք համոզված են, որ դեպքի վայրում եղել են քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ, որոնք սադրանքների են դիմել:

 

Նախորդ հոդվածը‘Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Audi-A-6-ը. կա վիրավոր ‘
Հաջորդ հոդվածը‘Չոռնի Գագոն՝ Почетный транспортник СНГ ‘