‘Նոյեմբերի 5. Ձերբակալել էին անգամ «ծտերին կերակրող» քաղաքացուն’

2015

Ինչպես հայտնի դարձավ, նոյեմբերի 5-ի երեկոյան Ազատության հրապարակում ու հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններից հետո ոստիկանությունը 38 քաղաքացիների թվում բերման էր ենթարկել նաեւ բազմաթիվ մարդկանց, անգամ` պատահական անցորդների, որոնք որեւէ կապ ու մասնակցություն չունեին Շանթ Հարությունյանի նախաձեռնած ցույցի հետ: Որոշ դեպքերում ոստիկանները բերման էին ենթարկել մարդկանց, ում դեմքերը պարզապես ծանոթ են եղել այս կամ այն քաղաքացիական ակցիայից:  

Քաղաքացի Արթուր Սմբատյանը, որը նոյեմբերի 5-ին մինչեւ ուշ գիշեր պահված է եղել Կենտրոնի ոստիկանության բաժանմունում, iLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկոյան Ազատության հրապարակում պայթյունի ձայն լսելով` հետաքրքրությունից դրդված մոտեցել է դեպքի վայրին: «Բերետավորները` ոչ մեկ, ոչ երկու, քաշեցին տարան առանց բացատրության: Մինչեւ բաժանմունք հասնելը ասում էին, թե իբր ոստիկանի օրինական պահանջին չեմ ենթարկվել»,- պատմեց Արթուրը: Արդեն բաժանմունքում քննիչը նրան հայտարարել է, թե մեղադրվում է ոստիկանին մահակով հարվածելու մեջ: «Մի թուղթ դեմ տվեցին, երկար-բարակ մեղադրանքներով, իբր` դրանց հեղինակը ես եմ, — պատմում է Արթուր Սմբատյանը, — քննիչն ասաց` արագացրու, ստորագրի: Ես, բնականաբար, հրաժարվեցի ստորագրել` ասելով, որ ոչ մի բան չեմ արել»:

Ժամեր անց Սմբատյանին տարել են բաժանմունք ժամանած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ: Վերջինս, ի զարմանս մեր զրուցակցի, նախ, հարցրել է. «Դու նախագահի (նկատի է ունեցել Սերժ Սարգսյանին-խմբ.) սանիկը չե՞ս»: Բացասական պատասխան ստանալով` Գասպարյանը հայտարարել է, թե «իր ոստիկաններին վնաս են տվել ու եթե պարզվի, որ դու կաս դրանում, 8 տարով նստելու ես»:

«Տարօրինակ, ինչ-որ հեքիաթային բաներ էր ասում, առակներ էր պատմում, հարցրեց` «Հայր մերը» գիտե՞ս»: Ասացի` ինչ կապ ունի, չեմ հասկանում: Ծնողներիս աշխատանքի մասին էր հարցնում», — պատմում է Սմբատյանը: Նրա` որպես կասկածյալի, կարգավիճակը փոխել են ուշ գիշերին եւ ազատ են արձակել:

Բերման ենթարկվածներից Կարեն Հարությունյանին, ով հայտնի է քաղաքացիական տարբեր նախաձեռնություններին իր ակտիվ մասնակցությամբ, նույնպես «տարել են» ոստիկանի դեմ բռնություն գործադրելու կասկածանքով: Մինչդեռ, նրա խոսքով, ինքը ոչ միայն բռնություն գործադրելու փորձ չի արել, այլեւ հորդորել է ոստիկաններին` ցուցարարների դեմ բռնություն չկիրառել: «Մեքենայի մեջ` մինչեւ բաժանմունք հասնելը, «օդի մեջ» ասացին, որ խուլիգանության համար են տանում: Հետո արդեն հայտարարեցին, թե կասկածվում եմ 316-ի 2-րդ մասի մեջ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն): Ակնհայտ էր` նրանք գիտեին, որ ես ցույցի մասնակիցներից չեմ, ու այնպիսի խառնաշփոթ էլ չէր, որ առանց հասկանալու ինձ տանեին», — նշում է Հարությունյանը: Նրա խոսքով, արդեն գիշերվա 1 անց կեսի մոտակայքում իր` կասկածյալի կարգավիճակը փոխվել է, եւ նրան ազատ են արձակել:

Իսկ թոշակառու Մարտին Ասլանյանը, ով հաճախ է լինում Հրապարակում, պատմում է, որ նոյեմբերի 5-ին սովորականի նման եկել էր` «ծիտիկներին արեւածաղկի սերմերով կերակրելու»: Երբ հավաքված մարդկանց բազմությունը շարժվել է դեպի Մաշտոցի պողոտա, Ասլանյանը հետեւել է նրանց, իսկ երբ արդեն բախումը սկսել է, փորձել է օգնել գետնին ընկած մի տիկնոջ:

«Խառնաշփոթի մեջ ընկա ասֆալտին, ոստիկանները թեւերս ոլորեցին ու դեպի մեքենան տարան», — պատմում է Մարտին Ասլանյանը: Նրան ոստիկանությունում քննել են ավելի քան երեք ժամ: Երբ քաղաքացին զգուշացրել է, որ երեք ժամից ավելի պահելու իրավունք չունեն, քննիչ Մանուկյանը հայտարարել է, որ այդ դեպքում ստիպված է ձերբակալման որոշում կայացնել` «մինչեւ պարզենք, թե ինչ եք արել, ինչ չեք արել»: Քննիչը նույնիսկ հետաքրքրվել է Ասլանյանի քաղաքական հայացքներով, եւ երբ վերջինս հայտարարել է, որ ընդդիմադիր է` ՀԱԿ-ի համախոհ, ոստիկանը «հանդիմանել է» նրան, թե` «ընդդիմությունն էլ լիքը սխալներ ա արել»:

Շուրջ տասը ժամ տեւած թղթաբանությունից հետո Մարտին Ասլանյանին իջեցրել են մի սենյակ, որտեղ գտնվում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Կարճատեւ զրույցից հետո Ասլանյանին նույնպես ազատ են արձակել:

Ակտիվիստ, երեկվա դեպքերի ականատես Վիլեն Գաբրիելյանը նույնպես չի հասկանում, թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին: Նրան նույնպես ոստիկանության բաժանմունքում հայտնել են, որ ներգրավված է որպես կասկածյալ` 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: «Գիշերը ժամը 1 անց կեսի մոտ վերեւից արված կարգադրությամբ կարգավիճակս փոխեցին` կասկածյալից վկայի ու ազատ արձակեցին», — iLur.am-ին ասաց Գաբրիելյանը: Ավելի վաղ, «Ֆեյսբուքում»  նկարագրելով իր «այցելությունը քաղմաս», նա նշել էր, որ ոստիկանությունը, «ինչպես եւ մնացած կառույցները` անկազմակերպ, անկանոն, անօրեն, ոչ օպերատիվ կառույց է, որտեղ, ինչպես և ամբողջ Հանրապետությունում` որոշումները կայացվում են կամայական:

 «Վովան ասում ա՝ բռնեք, բռնում են, մի 7 ժամ տանջվում են` ձերբակալման որոշում կայացնում, որ դու կասկածվում ես ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հետո շենքից դուրս գալուց առաջ, ժպիտը դեմքին ասում ա՝ «50% отбой», ու հինգ րոպեյվա ընթացքում թաթարյախի կարգավիճակ փոխելով` 10 հոգի բաց են թողնում», — գրել էր Վիլեն Գաբրիելյանը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան, շուրջ մեկշաբաթյա նստադուլից հետո ազգային հեղափոխության մեկնարկի մասին հայտարարող Շանթ Հարությունյանի գլխավորությամբ դիմակներով երթի մասնակիցները հանդիպել են ոստիկանական շղթայի: Տեղի ունեցած ընդհարման հետեւանքով շուրջ երկու տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել, 38 հոգի բերման են ենթարկվել: Ավելի ուշ բերման ենթարկվածներից 20-ը  ձերբակալվել են, այդ թվում` Շանթ Հարությունյանը: 

Հակոբ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը. Մամուլ’