‘Նորակոչիկները խեղճ ու կրակ մարդկանց, գյուղացիների զավակներ են. Մամուլ’

1212

«Հրապարակի» խմբագրականում կարդում ենք.«Հերթական զորակոչի օրերն են: Հեռուստատեսությունները, թերևս, ազգային-հայրենասիրական թեմաները հիշելով և իրենց կրթադաստիարակչական ֆունկցիան կատարած լինելու մղումով, պարտաճանաչորեն ռեպորտաժներ են անում կենտրոնական հավաքակայանից, որտեղից նորակոչիկները մեկնում են բանակ: Բայց այդ ռեպորտաժները երբեմն հակառակ էֆեկտն են տալիս:

Երեկ դրանք նայելով՝ «Հրապարակի» ընթերցողներից մեկը մեր ուշադրությունն էր հրավիրում զորակոչի մեկնողների սոցիալական կազմի վրա: Բոլորը խեղճ ու կրակ մարդկանց, գյուղացիների, սոցիալապես անապահովների զավակներ են՝ ասում էր մեր զրուցակիցն ու ավելացնում. «Փոքր երկիր է՝ ամեն ինչ աչքի առաջ: Ախր տեսնում ենք, չէ՞, որ հարևանի տղան, էսինչ պաշտոնյայի փեսան, էն մեկի զարմիկը կամ բանակ չեն գնում, կամ գնում են տաքուկ ու թիկունքային ծառայության»: Բայց նաև մարդիկ խոսում են, որ փողով բանակից ազատվելը բարդացել է, գները բարձրացել են, Սեյրան Օհանյանն անխնա պատժում է բռնվողներին, և դա որոշակի զսպող դեր է խաղացել:

Բայց նորից կրկնենք՝ «փոքր երկիր է», ցանկացած թատրոն, ցուցադրական ելույթ նկատվում է, և մարդիկ այլևս չեն խաբվում: Մարդիկ այնքան շատ բան են տեսել, որ երբեմն անգամ անկեղծ ու ազնիվ պահվածքին են կասկածում, ուր մնաց կեղծիքը չզգան: Մի բան պարզ է, որ անարդարությունն ու անհավասարությունը զզվեցրել, հոգնեցրել են մարդկանց: Նրանք կարող են ներել Տարոն Մարգարյանի 8 միլիոնանոց ունեցվածքը, բայց նրա որդու արտոնյալ վիճակը՝ բանակից խուսափելը, պատրաստ չեն ներելու»:

Նախորդ հոդվածը‘Միգրացիոն ծառայության լռությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բարեգործները. Մամուլ’