‘Նորայր Ասլանյան. Ոչինչ չեմ խնայում, որպեսզի ազգանունս ամբողջովին փոխվի’

806

Հայաստանի հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, ով հանդես է գալիս հոլանդական «Վիլեմ-II»-ում, երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձել է թիմի հիմնական կազմ, իսկ նախորդ ուրբաթ հաջող ելույթ ունեցավ «Ալմերե Սիթիի» հետ խաղում (5:0): Armsport.am-ը զրուցել է Ասլանյանի հետ:

— Նորայր, շուրջ երեք ամիս չէիք հայտնվում «Վիլեմ-II»-ի հիմնական կազմում: Ի՞նչը ստիպեց մարզչին՝ կրկին վստահել Ձեզ:
— Վերջին շրջանում մեր թիմը հաջող հանդես չէր գալիս: Հարձակման գծում կային խնդիրներ, որի արդյունքում ունեցանք միավորների կորուստներ: Մարզիչը որոշեց փոփոխություններ կատարել կազմում, իսկ ես այն խաղացողներից եմ, ով մշտապես մարզումներին ներդնում է ամբողջ ուժերը եւ միշտ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:
Մարզիչը տվեց հնարավորություն, իսկ ես իմ մասնակցությունն ունեցա խփված 5 գոլերից 3-ին: Մարզիչը խաղից հետո իր գոհունակությունը հայտնեց ինձ: Հույս ունեմ, որ հետագայում էլ նրա կողմից կլինի վստահություն:
— «Ալմերե Սիթիի» հետ մրցավեճում Դուք հանդես եկաք առանց փոխարինման: Երկարատև  ընդմիջումից հետո դժվար չէ՞ր խաղադաշտում 90 րոպե անցկացնելը:
— Մարզումների ժամանակ «գլուխ չեմ պահում», ինչ է թե՝ ֆիզիկական վիճակս միշտ լավ լինի: Մարզումներից հետո էլ աշխատում եմ ինձ վրա: Ես գիտեի, որ երբ շանս ստանամ, ապա կկարողանամ մասնակցել ամբողջ հանդիպմանը: Եթե հարկ լիներ, 180 րոպե էլ կանցկացնեի խաղադաշտում:
— Երբ մենք տեղադրեցինք Ձեր խփած գոլի տեսանյութը, ֆուտբոլասերներից շատերը սկսեցին քննարկել այն հանգամանքը, որ Ձեր մարզաշապիկին գրված է «Մամեդով» ազգանունը: Պաշտոնական կայքերում էլ նշվում է Նորայր Մամեդով-Ասլանյան: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
— Հոլանդիայում դժվար է այդ գործընթացը: Ես պետք է որոշ ժամանակ հանդես գամ Մամեդով-Ասլանյան ազգանունով, քանի որ միանգամից նախկին ազգանունից հրաժարվել հնարավոր չէ: Հոլանդիայում առնվազն երկու տարի է տեւում այդ գործընթացը: Կան նաեւ ֆինանսական հարցեր, բայց ես միջոցներ չեմ խնայում եւ պատրաստ եմ ամբողջ ունեցվածքս տալ, որպեսզի ազգանունս ամբողջովին փոխվի: Ես հասկանում եմ ֆուտբոլասերներին, բայց պետք է նրանք էլ հասկանան, որ ես ինձանից կախված ամեն ինչ անում եմ, բայց ավելի արագացնել գործընթացը հնարավոր չէ:
— Վերջում, մեկ հարց՝  Հոլանդիայի առաջին դիվիզիոնի ընթացքի վերաբերյալ: «Վիլեմ-II»-ը ներկայումս 5-րդն է եւ արդեն մեկական հանդիպում է անցկացրել գրեթե բոլոր մասնակիցների հետ: Ովքե՞ր են Ձեր թիմի հիմնական մրցակիցները՝ ուղեգրերի համար պայքարում:
— Իմ կարծիքով՝ մեր թիմն է գլխավոր ֆավորիտը, քանի որ իր կարգով ավելի բարձր է մյուս թիմերից: Մենք որոշակի խնդիրներ ունեցանք այն ժամանակ, երբ մրցակիցները սկսեցին վախենալ մեզանից եւ ամբողջ կազմով պաշտպանվել: Մեր հարկի տակ հանդիպումներում մրցակիցները հաճախ են նահանջում եւ մտածում միայն գոլ չընդունելու մասին:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Իսկ մեղսունա՞կ էր արդյոք «հանգուցյալը» ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանություններին տնտեսական կոլապսից փրկում են միայն տրանսֆերտները. Տեսանյութ’