Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը մեկնաբանել է որդու հնարավոր տրանսֆերի հետ կապված լուրերը։
«Բոլոր խոսակցությունները, որոնք կապված են «Գալաթասարայի» հետ՝ կեղծ են։ Արսենն արդեն հստակ ասել է, որ չի ցանկանում տեղափոխվել Թուրքիա։ Պատճառն այն է, որ նա ցանկանում է խաղալ Եվրոպայում։ Իսկ հիմա Արսենի վերաբերյալ պտտվող բոլոր լուրերը հերթական խոսակցություններն են»,- Նորայր Զախարյանի խոսքը մեջբերում է Sport24․ru-ն։
Թուրքական մամուլը գրել էր, որ ստամբուլյան ակումբը համաձայնության է հասել Մոսկվայի «Դինամոյի» հետ Զախարյանի տրանսֆերի հարցում։ Ռուսական ակումբը տրանսֆերից կարող էր ստանալ 15 միլիոն եվրո։ Արսեն Զախարյանի համաձայնությունը ակումբները չեն ստացել։
Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: