‘
Լուռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները հերթական անգամ ահազանգում են: Նոր ահազանգը ևս կապված է «Վալլեքս» ընկերության գործունեության հետ, որը, ինչպես հայտնի է, ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Այս մասին հայտնում է PANArmenian.net-ը՝ հղում անելով Համահայկական բնապահպանական ճակատին:
Ըստ գյուղացիների ահազանգի և ներկայացրած լուսանկարների` հանքի շահագործման հետևանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում ընկերության կողմից, բարձրանում են փոշու հսկայական ամպեր: Փոշին տարածվում է գյուղի և նրա շրջակայքի վրա` առաջացնելով լուրջ խնդիրներ մարդկանց համար: «Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ դժվարանում է նույնիսկ շնչելը» — նշում են թեղուտցիները:
ՀԲՃ-ն նկատում է, որ Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երևույթներից միայն մեկն է: Այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործվելու դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու:
Իսկ «Վալլեքս» ընկերությունը, ինչպես և մյուս բոլոր հանքարդյունաբերողները, հերթական անգամ իրենց գործունեությամբ փաստում են, որ հանքի շահագործումից առաջ տրված խոստումներն ու հավաստիացումները, թե հանքը միայն և միայն բարիք է համայնքների բնակիչների համար, դատարկ ու փուչ են:
Լուսանկարները՝ Համահայկական բնապահպանական ճակատ էջից
‘