‘Նոր արկածախնդրություն Ցեղասպանության ճանաչման հարցում ‘

3437

Կենտրոն հ/ը «Հայկական ուրբաթ» հաղորդման հյուրերից էր Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով նաև Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարն է: Հաշվի առնելով մայիսին տեղի ունենալիք պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ հարկ եմ համարում անդրադառնալ հաղորդման ընթացքում պրն. Հ. Դեմոյանի մի քանի հայտարարություններին.

1. Նա շեշտեց, որ եթե Ցեղասպանության հարյուրամյակին մոտենանք այս վիճակով, այսինքն՝ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններով, ապա դրանք կարող են վնաս հասցնել թե՛ 2015 թ. իրագործվելիք ծրագրերի արդյունավետությանը և թե՛ «հետագայի համար»:  

Հարկ է նշել, որ այս հայտարարությունը երեք կարևոր հանգրվան է նշմարում.

— Հ. Դեմոյանը հրաժարվել է իր նախկին դիրքորոշումից, երբ նա միանշանակ պաշտպանում էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը՝ հայ-թուրքական արձանագրությունների հարցում (հղում՝ 1, հղում՝ 2):  

2009թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Հ.Դեմոյանը մեկը մյուսին հաջորդող հարցազրույցներով ընդունում էր պատմաբանների հանձնաժողովի ստեղծման օգտակարությունը՝ դա համարելով Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրման հնարավորություն պատմաբանների համար  (դրանով նա ընդունում էր, որ Ցեղասպանության հարցը պետք է քննարկվի թուրք գործընկերների հետ): Նա մեր ժողովրդին փորձում էր համոզել, որ արձանագրությունները՝ Թուրքիայի դեմքը պահպանելու փորձ է:

2009 թ. սեպտեմբերին նա պնդում էր, որ արձանագրությունները չեն վտանգի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այսօր իր դիրքորոշումը փոխվել է: Հասկանալու համար, թե ինչպիսի ծառայություն է մատուցել Հ. Դեմոյանը Սերժ Սարգսյանին, կարելի է միայն ծանոթանալ Դեմոյանի բազմիցս հայտնած մտահոգություններին, որոնցում երևում է, որ նա միանգամայն խորությամբ ընկալում էր ՀՀ բոլոր իշխանությունների կողմից՝ 1991 թ. սկսած՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքերի առաջարկի մերժումը: (հղում՝ 1, հղում՝ 2): 

— Սերժ Սարգսյանի և Է. Նալբանդյանի ձախորդ քայլը (հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը) այլևս չեն պաշտպանում նույնիսկ մշտապես հլու-հնազանդ չինովնիկները, անգամ պալատական վերլուծաբանները այսօր դեռ մեղմ, վաղը, վստահաբար, ավելի համարձակ կքննադատեն իշխանությունների ճակատագրական քայլը: Այս գործընթացի մեջ աստիճանաբար ավելի շատ մարդիկ են ներգրավվելու. եթե Հ. Դեմոյանի նմաններն են, 180 աստիճանով փոխելով իրենց դիրքորոշումը՝ հակադրվում Ս. Սարգսյանին, ապա ավելի ազատ մտածող գիտնականներին դա անել ավելի հեշտ կլինի:

— Պետական Հանձնաժողովի քարտուղարի՝ արձանագրությունների վերաբերյալ այսօրվա դիրքորոշումը հակասության մեջ է արտաքին քաղաքականությունը մշակող և իրագործող գերատեսչությունների՝ նախագահականի և ԱԳ նախարարության հետ: Ի՞նչ պետք է այս իրավիճակում հասկանան պետական հանձնաժողովի՝ հատկապես Սփյուռքի անդամները՝ պետությունը ներկայացնող պաշտոնյաների դիրքորոշումներում նման հակասություններից:

2. Հ. Դեմոյանի սենսացիան.- «Եկեք միֆազերծենք դաշտը՝ մենք տարված ենք (Ցեղասպանության) միջազգային ճանաչման գործով, մենք ստեղծել ենք միֆ ու դարձել այդ միֆի գերի, քանի՞ երկիր է ճանաչել ցեղասպանությունը: Ի՞նչ կտա համագումարում, եթե ճանաչի 40, 60 երկիր՝ կտա մի քանի օր, մենք կստանանք հոգեկան բավարարվածություն (!- Վ. Կարապետյան), Թուրքիայի դեսպանը հետ կկանչվի, բայց տեղի կունենա բավականին լուրջ խորացում այդ երկրների հարաբերություններում հակամարտող՝ Ֆրանսիան է, Թուրքիան է: Նոր որակի քաղաքականություն պետք է մշակի հանձնաժողովը և նոր ուղղություններ գտնի, որովհետև այս ճանաչումները վերջում կարող են ծուղակ լինել մեզ համար»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության առաջնայնություն համարվող Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարող է ծուղակ լինել Հայաստանի համար: Ավելորդ է ասել, որ Հ. Դեմոյանը շատ սկզբունքային է իր դիրքորոշումը ամբողջությամբ փոխելու հարցում: 2007թ. նա պնդում էր Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժետությունը՝ ընդգծելով, որ այն «միջազգային մեկուսացման առաջ է կանգնեցնում Թուրքիային»: Հավելենք նաև, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը 2007 թ. ստեղծված ցեղասպանության թանգարանի Բարեկամների Հիմնադրամի առաջնահերթ նպատակն է:   

Եթե նման բան է ասում Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը ու պետական հանձնաժողովի քարտուղարը, կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն է թողնելու աշխարհասփյուռ մեր համայնքների վրա, և ինչպիսի ջանասիրությամբ է դա օգտագործելու Թուրքիայի դիվանագիտությունը՝ Ցեղասպանության փաստը ժխտելու, աշխարհի ցանկացած անկյունում Ցեղասպանության մասին քննարկում, սկիզբ առած ճանաչման գործընթաց վիժեցնելու համար: Նման քայլերով Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված, դրանից առաջ վազգենմանուկյանական Հանրային Խորհրդի անդամ Հ. Դեմոյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հաստատապես համալրում է Ցեղասպանության ուրացման առաջամարտիկների շարքերը: Դեմոյանի դիրքորոշումների մշտական փոփոխման և, մասնավորապես՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ծուղակ համարելու մասին հայտարարությանը պետք է տեղյակ լինեն պետական հանձնաժողովի բոլոր անդամները՝ մայիսին կայանալիք նիստին ընդառաջ:

3. Հ. Դեմոյանը պնդում էր, որ «մենք ունենք ձևակերպում, որը մեր երկրի առաջին դեմքերը օգտագործում են ՝ Ցեղասպանության հետևանքների վերացում: Հանձնաժողովի խնդիրն է ձևակերպել այդ հետևանքների վերացումը, ինչ խնդիր ենք ներկայացնում Թուրքիային: Եթե դրա մասին խոսում են առաջին դեմքերը, պետք է լինի գործընթաց՝ դրան հասնելու համար»:

Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, միջազգային ճանաչման հետ, ընդգրկված է Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրում: Առաջին անգամ պետական մակարդակով հետևանքների վերացումը բանաձևեց Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը (այսօր արդեն նախկին), ով խոսեց Թուրքիայի կողմից փոխհատուցման անհրաժեշտության մասին: Սա մի նոր, մարտահրավերներով լի ճանապարհ է, որը Դեմոյանի և այլ իշխանամետ պատմաբանների մատուցմամբ պատրաստվում է որդեգրել ՀՀԿ-ն: Նման քայլի մասին նաև խոսեց Սերժ Սարգսյանի մեկ այլ հավատարիմ զինվոր՝ Հարութ Սասունյանը: Ընդ որում, եթե հատուցման հարցը բարձրացնում է Սփյուռքի ներկայացուցիչը, ապա դա միանգամայն հասկանալի և ընկալելի է բոլորի կողմից, բայց եթե խնդիրը հնչեցվում է պետական մակարդակով, դա միանգամայն այլ հարթության վրա է դնում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Ինձ համար միանշանակ է, որ Դեմոյանը կատարում է իշխանության պատվերը՝ քողարկելու Սերժ Սարգսյանի պատմական ձախողումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը: Այս նոր արկածախնդրությամբ նրանք ցանկանում են միջազգային ճանաչումից շեշտադրումը փոխել մեկ այլ ուղղությամբ, որի ելքը ավելի քան մշուշոտ է:

Վ. Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Նախորդ հոդվածը‘Հարվարդի Քենեդի դպրոցը նոր կրթական ծրագիր է նախաձեռնել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’