‘Նոր «բեւեռին» սպասելիս’

3937

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում տասնյակ փաստեր ու իրողություններ բացահայտեց։ Դրանք բոլորը պետք է արձանագրվեն՝ անկախ իրենց առավել կամ այսօր թվացյալ պակաս կարեւորության հանգամանքից։

Հանրաքվեի կեղծված արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով «ՈՉ»-ի համատեղ շտաբը նյութեր էր նախապատրաստել Սահմանադրական դատարան դիմելու համար եւ ձեռնամուխ եղել դրա համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն հավաքելմանը։ Թվում էր, թե, տրամաբանորեն, Սահմանադրական դատարան դիմելու հայցի տակ իրենց ստորագրությունները կդնեն նաեւ նրանք, ովքեր մինչեւ վերջ հրապարակայնորեն դեմ են արտահայտվել հանրաքվեի դրված փաստաթղթին։ Նկատի ունենք, մասնավորապես, ԲՀԿ անդամ պատգամավորներ Ստեփան Մարգարյանին, Վահե Հովհաննիսյանին եւ Էլինար Վարդանյանին։ Սրանցից որեւէ մեկը չստորագրեց, եւ երեքն էլ դա բացատրեցին միատեսակ  պատճառաբանություններով.

Ա) Կստորագրեն, եթե պարզվի, որ պակասում է վերջին 27-րդ ստորագրությունը։

Բ) Դա համարում են ուժերի անիմաստ վատնում, այդ ճանապարհը, ինչպես ցույց է տվել փորձը՝ արդյունքի չի հանգեցնի։

Գ) Պետք է գնալ ընտրակեղծիքների մեքենան ջարդելու ճանապարհով, ինչի համար պետք է նոր «քաղաքական բեւեռ», «որը կկարողանա ներկայանալ այնպիսի առաջարկներով, որոնք հավատ կներշնչեն հասարակության մեծ մասին»։

Դ) Հասարակության միասնականության կարելի է հասնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, ուստիեւ հիմա անիմաստ է պայքարի որեւէ ձեւ։

Պատճառաբանությունների պարզունակ-դեմագոգիկ լինելն ակնհայտ է, ինչով փորձում են «ընդդիմադիրի» իրենց դեմքը փրկել ու թաքցնել իրենց իրական քաղաքական ուղեգիծը։

Նախ՝ եթե քո արած քայլը պատճառաբանելու համար ունես հիմնավոր փաստարկ, ապա այդ մեկ փաստարկն արդեն բավարար է։ Եթե նշում ես մի քանի փաստարկ, ուրեմն դրանք կեղծ են ու մոգոնված։

Երկրորդ՝ 27-րդը ստորագրելու պատրաստակամություն հայտնելուց ավելի խղճուկ բան դժվար էր մտածել։ Նույն բանը կարող էին հայտարարել, ասենք՝ 50-60 պատգամավորներ (անգամ՝ ՀՀԿ-ականեր), մինչդեռ, Կոնգրեսի պատգամավորներից բացի, ոչ ոք այլեւս հայցը չստորագրեր։

Երրորդ՝ քաղաքական ուժերի հաստատակամ ու հետեւողական պայքարն է, որ նպաստում է հասարակության միասնականացմանն ու հզոր «բեւեռի» ձեւավորմանը, ոչ թե իշխանության անպարտելիության քարոզն ու էժան դեմագոգիկ հայտարարությունները։

Չորրորդ՝այս ուղեգիծը ներկայացնող կայքերը եւ մարդիկ ամենից շատ ու սուր են քննադատել, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, որը Սահմանադրության փոփոխությունը «կեղծ օրակարգ» հռչակելով, քաղաքական որեւէ գործընթաց կապում է միայն 2017 թվականի ընտրությունների հետ՝ մինչ այդ անիմաստ համարելով որեւէ պայքար առայժմ «անպարտելի» իշխանության դեմ։ Հիմա սրանք բացարձակ նույն բանն են անում եւ ասում։

Եւ վերջապես՝ հենց այս հանրաքվեի ժամանակ է, որ իշխանության դեմ գոյացել էր հասարակության մեծագույն մասն ընդգրկող «ՈՉ»-ի բեւեռ։  Եւ ի՞նչ արեցին այս մարդիկ ռեժիմի դեմ գոյացած այս բեւեռի պայքարը կազմակերպելու եւ քաղաքական արդյունքներն առարկայացնելու համար։ Նրանք գործեցին ճիշտ հակառակ ուղղությամբ։ Եւ դրա տրամաբանական վերջին քայլն էլ Սահմանադրական դատարան ներկայացված հայցը չստորագրելն էր։

Հիշեցնենք նաեւ նախընթաց մի քանի դրվագ։

Բիրտ ուժի գործադրմամբ Գագիկ Ծառուկյանին քաղաքական ասպարեզից հանելուց հետո ԲՀԿ-ն բաժանվեց երկու խմբի։

Առաջին խումբը Ս. Սարգսյանին անվերապահ հնազանդված մեծամասնությունն է՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ։ Այս խմբի վարքագիծը բխում է իրենց վիճակից կամ կարգավիճակից. կողմ են քվեարկում Ս. Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին։ Նրանց գործունեությունը, ճիշտ է, չի ընդունվում հասարակության կողմից, բայց միանշանակ է եւ չի ապակողմնորոշում հասարակությանը։

Երկրորդ փոքր այս խումբը՝ Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան, իբր, մնացել են ընդդիմադիր դիրքերում։ Այս խումբը կույս է ձեւանում եւ ընդդիմություն խաղում, սակայն խորհրդարանում ամենաչնչին չափով չի խանգարում վարչախմբի որեւէ քայլի։ Կոնկրետ սահմանադրափոխության հարցում՝ դրան հրապարակավ, իբր, դեմ արտահայտվելով հանդերձ, նրանք՝

—         Ազգային ժողովում չմասնակցեցին քվեարկությանը եւ դեմ չքվեարկեցին նոր սահմանադրության նախագծին։

—         Չմիացան «ՈՉ»-ի հսկայական հնչեղություն եւ ընդգրկում ու ներուժ ստացած պայքարին։

—         Շինծու պատճառաբանությամբ չստորագրեցին Սահմանադրական դատարանին ուղղված հայցադիմումը։

Այս ամենը շատ ու շատ ավելի անբարոյական է, քան, հնազանդված ԲՀԿ-ականների՝ իրերի բերմամբ իրենց բաժին ընկած լուծը քաշելը։

 Իր իշխանության հավերժացման նպատակով Սահմանադրությունը փոխելու՝ Ս. Սարգսյանի նախաձեռնությանն ընդդիմանալու երկու տարբերակ կարող էր լինել.

Պասիվ տարբերակ՝ բոյկոտել հանրաքվեն։ Այս տարբերակը կարող էր արդյունավետ լինել, եթե օրենքը հանրաքվեի համար բարձր քվորում նախատեսեր, եւ եթե շատ թե քիչ վստահություն լիներ ընտրական մեխանիզմի նկատմամբ։ Չկար ոչ մեկը, ոչ՝ մյուսը։ Ավելին՝ կար 2005 թվականի հանրաքվեն բոյկոտելու անիմաստության տխուր, նաեւ ուսանելի դասը։ Վարչախումբը երջանիկ կլիներ, եթե ընդդիմությունը գնար այս ճանապարհով։

Ակտիվ տարբերակ՝ զանգվածաբար մասնակցել եւ «ՈՉ» քվեարկել։ Հասարակությունը գնաց այն քաղաքական ուժերի ճանապարհով, որոնք ընտրեցին այս ուղին։ Եւ գեթ այն պահից, երբ այլեւս ակնհայտ էր, որ ակտիվ «ՈՉ»-ի շուրջ է համախմբվել, ըստ էության, ողջ ժողովուրդը, բոյկոտ քարոզելը ոչ միայն անիմաստ էր, այլեւ լավագույն նվերն իշխանությանը։ «ՈՉ»-ի բեւեռին ինչ-որ չափով վնասելու միակ ձեւը հենց իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի կողմից բոյկոտ քարոզելն էր։ Դա շատ լավ գիտակցվել է, եւ  Սահմանադրական դատարանին ուղղված հայցադիմումը չստորագրելն էլ հենց այս տրամաբանության մեջ է։

Հիմա ի՞նչ. ստացվում է, որ այս խմբակը սահմանադրական հանրաքվեի հարցում աշխատել է հօգուտ Ս. Սարգսյանի՞։ Ոչ միայն։ Նրանց պայքարն օբյեկտիվորեն ուղղված է եղել գործող իրական ընդդիմության ու «ՈՉ»-ի կարգախոսի տակ հավաքված հասարակության դեմ։ Ո՞րն է, ուրեմն, սրանց իրական նպատակը, երազած ու թմբկահարած այն «նոր բեւեռը», որ վարչախմբի դեմ պիտի գոյանա դեռ 2017 թվականին եւ «կարողանա իր շուրջը համախմբել հասարակության և քաղաքական շրջանակների մեծ մասին»։ Դատելով այս մարդկանց գործունեությամբ ու իրենց խոսափող հանդիսացող կայքերի նյութերով ներկայացող ուղեգծով, այդ «նոր բեւեռը» պետք է գոյանա Ռոբերտ Քոչարյանի եւ Արա Աբրահամյանի դաշինքի շուրջը։

Գաղտնիք չէ, որ Ռ. Քոչարյանի վերադարձի քարոզն իրականացնում են վերոհիշյալ, այսպես կոչված, ընդդիմադիր ԲՀԿ-ականները՝ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, ինչպես նաեւ, գրեթե ամենօրյա ռեժիմով՝ այդ բանն անում են «7 օր» եւ «Ժամ» կայքերը։ Եւ սրանք բոլորը, ինչպես Քոչարյանը, մշտապես եւ ամենախիստ ձեւով դեմ են արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը։

Հարց է առաջանում. ի՞նչ ռեսուրսներով է Ռ. Քոչարյանը քաղաքական ասպարեզ իջնելու 2017 թվականին։ Սահմանադրական հանրաքվեն ամենահարմար առիթն էր՝ ցուցադրելու այդ ռեսուրսների ծավալի գոնե մի մասը։ Այդ նույն քարոզիչներն են անընդհատ ասում, թե, իբր, Քոչարյանը մեծ վստահություն է վայելում պետական ապարատում, պաշտոնեության մեջ եւ գործարար միջավայրում։ Այդ դեպքում ինչո՞ւ նա չէր կարող ազդել նրանց վրա ու նրանց աջակցությամբ միանալ «ՈՉ»-ի պայքարին։ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ «Չեք անցկացնի»-ն միայն իրենց ուժերով կարողացան պահել 700 տեղամաս։ Եթե Քոչարյանը, իրոք, նման «թիմ» ունի, եւ այդ «թիմն» էլ պահեր գոնե դրա կեսի չափ՝ 300-350 ընտրական տեղամաս, ապա հանրաքվեի դրված նախագիծը, անգամ կատարված լայնածավալ կեղծիքների ու բռնությունների պայմաններում, չէր կարող «ընդունվել»։

Ստացվում է, որ Քոչարյանն անմտաբար բաց է թողել քաղաքական ասպարեզ վերադառնալու եւ վարկանիշ ձեռք բերելու լավագույն առիթը՝ դրա փոխարեն իրականում մեծապես նպաստելով Ս. Սարգսյանի հաղթանակին ու նրա իշխանության հավերժացմանը։ Այսինքն՝ գործ ունենք կա՛մ քաղաքական տղայամտության, կա՛մ Քոչարյանի որեւէ ռեսուրսի բացակայության փաստի հետ։

Հիմա, կարծես թե, ամեն ինչ հասկանալի է՝ ներառյալ ԲՀԿ-ական երեք «ընդդիմադիրների» կողմից Սահմանադրական դատարան հղված հայցը չստորագրելն ու այդ առիթով անհեթեթ դեմագոգիան։

Գագիկ Խաչատրյան

 

Նախորդ հոդվածը‘«The Guardian». Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. «Բնականաբար, ես պայքարելու եմ իմ անվան և ՖԻՖԱ-ի համար»’