‘
Բրիտանական մամուլն անդրադարձել է Դոնալդ Թրամփի մասին լրագրող Բոբ Վուդվորդի գրքին, որը թեպետ դեռ չի հայտնվել վաճառքում, սակայն հասցրել է բավական մեծ աղմուկ բարձրացնել: Վուդվորդը հայտնի է դարձել Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ իր հոդվածներով, ինչի արդյունքում ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը ստիպված էր հրաժարական տալ:
Իր նոր գրքում՝ «Սարսափ. Թրամփը Սպիտակ տանը», որը Վուդվորդը գրել է հարյուրավոր ժամերի հարցազրույցների արդյունքում, նա պնդում է, որ ԱՄՆ ղեկավարի մերձավոր օգնականները մասնավոր զրույցներում ասում են, որ նա ցնդել է, նրան անվանում են ապուշ, պնդում են, որ նրա մտավոր ունակությունները դպրոցի հինգերորդ դասարանի մակարդակի են:
Գրքում, օրինակ, նկարագրվում է, որ նախագահի գլխավոր տնտեսական խորհրդականներից մեկը նամակներ է «գողանում» նրա սեղանից, որպեսզի նա կտրուկ փոփոխություններ չանի ամերիկյան տնտեսական քաղաքականության բնագավառում: Պատմվում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդիպումներից մեկի ժամանակ ասել է. «Նա ապուշ է: Անօգուտ է նրան ինչ-որ բան համոզել: Ցնդել է: Մենք հայտնվել ենք գժանոցում»:
Փոխանցում է BBC-ն:
‘