‘Նոր Զելանդիայում անհայտ անձը սպառնում է մանկական կաթնային սննդին թունաքիմիկատներ խառնել’

809

Նոր Զելանդիայի ոստիկանությունը երեքշաբթի դիմել է երկրի բնակչությանը՝ խնդրելով օգնել գտնելու վտանգավոր հանցագործին (հանցագործների), ով սպառնում է թունավորել երկրում արտադրվող մանկական կաթնային խառնուրդները, եթե ֆերմերները չդադարեցնեն նատրիումի ֆթորացետատի գործածումը՝ որպես թունաքիմիկատ: Այդ միացությունը Նոր Զելանդիայում հայտնի է «թույն 1080» անունով:

Անցյալ տարվա նոյեմբերին սպառնալիքներ պարունակող անանուն նամակներ են ստացել նորզելանդական Fonterra ընկերությունը, որն աշխարհում կաթնամթերքի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է, և ֆերմերների դաշնային արհմիությունը: Նամակներում պահանջվում է մինչև այս տարվա մարտ դադարեցնել «թույն 1080»-ի օգտագործումը, հակառակ դեպքում հանցագործն սպառնում է թունավորել մանկական կաթնային խառնուրդները: Նամակներին կցվել են նաև կաթի փոշու նմուշներ, որոնցում մասնագետները հայտնաբերել են նատրիումի ֆթորացետատ:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին երեքշաբթի կայացած մամլո ասուլիսում կատարվածն անվանել է «էկոահաբեկչության ակտ» և ասել, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նորզելանդական արտադրանքը բացարձակ անվտանգ լինի: «Ոստիկանության կարծիքով՝ այդ սպառնալիքն իրականացնելու հավանականությունը մեծ չէ, սակայն նկատի ունենալով նրա բնույթը՝ ոստիկանությունն ու կառավարությունը դրանց չափազանց լուրջ են վերաբերվում»,- ընդգծել է վարչապետը: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի նախկին վարչապետը, հակառակ Տոկիոյի առարկությունների՝ մեկնում է Ղրիմ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը ասել է, թե որն է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պատճառը’