Նոր Զելանդիայի իշխանությունները Իրանում բողոքի ցույցերը ճնշելու գործողությունների կապակցությամբ պատժամիջոցներ են սահմանել իրանցի 22 պաշտոնյաների դեմ, որոնք կապեր ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի ԶՈՒ արտոնյալ զորամասերի) և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի հետ։
Այդ մասին ասվում է երկրի վարչապետ Ջասինդա Արդենի և ԱԳՆ ղեկավար Նանայա Մահուտայի հայտարարության մեջ, որ հրապարակվել է այսօր։
Պատժացուցակում ընդգրկված է իրանցի 22 քաղաքացի, որոնց արգելվում է մուտք գործել Նոր Զելանդիայի տարածք։ «Դրանց թվում են բարքերի ոստիկանության աշխատակիցներ, մի քանի իրավապահ կառույցների ղեկավարներ, ինչպես նաև ԻՀՊԿ հրամանատարության և իրանական «Բասիջ» աշխարհազորի անդամներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ սահմանափակումները նորզելանդական կառավարության արձագանքն են «Իրանում մարդու իրավունքների խախտումներին և քաղաքացիների՝ խաղաղ բողոքի ցույց իրականացնելու իրավունքի խախտմանը»։
Փոխանցում է tass.ru-ն։
