‘Նոր Կազանին սպասելիս’

715

Գտածոին հազիվ են գտել

Հայաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ արդեն շաբլոն դարձած բնորոշմամբ՝ միջազգային հանրությունը, նորից սկսեց խոսել Ղարաբաղյան հիմնախնդրի, ավելի ճիշտ՝ հիմնախնդրի կարգավորման մասին: Սա արդեն, կարելի է ասել ավանդույթ է դառնում, երբ իշխանություններին Ղարաբաղի եւ այժմ արդեն հայ-թուրքական հարաբերությունների հարցով փաստի առաջ են կանգնեցնում: Ամենասուր իրավիճակն այդ հարցում իհարկե ստեղծվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Լեգիտիմություն չունեցող Սերժ Սարգսյանն այս հարցում միջազգային հանրության համար ուղղակի գտածո էր: ճիշտ է, ԱՄՆ-ն Սերժ Սարգսյանին այն ժամանակ այդպես էլ պաշտոնապես չշնորհավորեց Հայաստանի նախագահ կարգվելու հարցում, իսկ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորանքի սեւագիրը, (որը դեռ չէին հրապարակում՝ մինչեւ Հայաստանում ներքաղաքական հարցերը չհստակեցվեն), հնչեցվեց միայն այն բանից հետո, երբ այն ժամանակ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը իր անձնական կապերի շնորհիվ դե ֆակտո «գողացավ» շնորհավորանքի տեքստն ու ուղարկեց Հայաստան:

Այո, կարեւոր շնորհավորանքները կամ չստացվեցին, կամ կորզվեցին մի կերպ, սակայն, փոխարենը միջազգային հանրությունը լոյալություն ցուցաբերեց Սերժ Սարգսյանի չեղած լեգիտիմության հանդեպ, եւ արդյունքում եղավ այն, որ իշխանությունները կրակեցին սեփական երկրի մայրաքաղաքում բողոքի ցույց անող ՀՀ քաղաքացիների վրա, ու արդյունքում Սերժ Սարգսյանը կանգնեց փաստի առաջ: Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցում: Այո, հիմա շատերը կասեն, բայց ոչինչ չեղավ, չէ՞ այս հինգ տարիների ընթացքում, ԼՂ հարցում փաստաթուղթ այդպես էլ չստորագրվեց, հայ-թուրքական բանակցային գործընթացն էլ սառեցվեց: Բայց պետք չէ մոռանալ, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում արդեն թուղթ ստորագրելու ճանապարհի վրա էր, (Կազանը չմոռանանք, Մայնդորֆյան եւ մյուս բոլոր հռչակագրերն էլ վրադիր, որտեղ բացակայում էին պաշտոնական Ղարաբաղի ստորագրությունները), իսկ հայ-թուրքական հարցում ըստ էության ոչինչ չեղավ միայն Հայաստանի համար: Իսկ գործընթացի իրական նախաձեռնողները ստացան այն, ինչ ցանկացան: ԱՄՆ նախագահը ստացավ լեգիտիմ պատճառ՝ Ցեղասպանություն բառն արտասանելու ծանր բեռի տակից դուրս գալու համար, Թուրքիան էլ ստացավ բաղձալի արձանագրությունները՝ պատմաբանների բաղձալի ենթահանձնաժողովի տեսքով:

Հիմա նորից սկսվել է նույն գործընթացը: Ընդ որում, եթե Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանին ընտրություններից անմիջապես հետո միջազգային հանրությունն է ակնարկներ անում, ապա հայ-թուրքական հարաբերությունների հարցում Սերժ Սարգսյանն իր խոսքն ասել էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարել էր, թե մեզ համար ի՞նչ տարբերություն ինչպես են բնութագրում 1915 թվականի դեպքերը, ոմանք ասում են Ցեղասպանություն, ոմանք՝ Եղեռն: Այսինքն, Սարգսյանը դեռ ընտրություններից առաջ սկսել է մի խայտառակ գործընթաց. Ցեղասպանության ճանաչումը, դե յուրե, թողնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, Սարգսյանը սկսել է տերմինափոխության, կամ Ցեղասպանություն տերմինից հրաժարվելու, կամ այդ տերմինը չկարեւորելու մի գործընթաց: Անիմաստ է դառնում Ցեղասպանության ճանաչումը թողնել արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում, եւ հայտարարել, թե Եղեռն էլ բնորոշում է կատարվածը: Այո, Եղեռն էլ է բնորոշում, Մեծ Զուլումն էլ է բնորոշում, Մեծ կոտորածն էլ է բնորոշում, Մեծ արհավիրքն էլ է բնորոշում, սակայն, քաղաքակիրթ աշխարհում միայն մեկ տերմին կա, որը իրավական հետեւանքներ ենթադրող բնորոշիչ է: Դա հենց Ցեղասպանություն տերմինն է: Ու աշխարհի շատ երկրներ Հայոց Ցեղասպանությունը չեն շտապում ճանաչել հենց միայն այն տերմինի պատճառով, եւ ոչ թե այն բանի համար, որ իրենք կարծում են, թե 1915-ին թուրքերը հայերին չեն կոտորել:

Այնպես որ, այս հարցում, արդեն ամեն ինչ ակնհայտ ու պարզ է: Իսկ Ղարաբաղի հարցում առաջին ծիծեռնակն ուղարկել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական տեքստում մեխը դնելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին հիշեցնելու վրա: Երեկ էլ պաշտոնական Վաշինգտոնը խոսեց, եւ հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Բնականաբար, եթե Սերժ Սարգսյանը բանակցողն է, ապա նա միշտ էլ պատրաստ է ցանկացած զիջման, էլ ոչ խաղաղ ճանապարհներն ինչի պետք է լինեն: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը երեկ հայտարարել է, որ «միմիայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել տարածաշրջանին»: Տիկին Նուլանդն այդ մասին հայտարարել է անցած գիշեր՝ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով ադրբեջանական ANS հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս են ԱՄՆ իշխանությունները պատրաստվում հարգանքի տուրք մատուցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակին: 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ընթացքում արձանագրված ողբերգական մարդկային կորուստները մեզ մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միմիայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել այս տարածաշրջանին: Որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն` Միացյալ Նահանգները միանշանակորեն հակված է շարունակել աշխատանքը կողմերի հետ այս ուղղությամբ»,- հայտարարել է Նուլանդը: 

Սառույցը, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում կանգ էր առել, ինչպես տեսնում ենք՝ սկսել է շարժվել: Համանախագահները շուտով կգան տարածաշրջան, դրանից հետո կկազմակերպեն ԱԳ նախարարների նոր հանդիպում, եւ չի բացառվում, որ բարձր մակարդակով հաջորդ հանդիպմանը երկար չսպասենք:  Ու չի բացառվում, որ մոտ ապագայում կունենանք նոր Կազան:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Բանակցությունները ձախողվել են. Առայժմ’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել’