‘
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս հերթական ագրեսան է իրականացրել Հայաստանի և ԼՂՀ դեմ, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի միջոցով պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- նշվում է կայքում:
Այս առնչությամբ Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը, համագործակցելով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամների հետ, նրանց է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին գործընթացները և լարվածության սրացումն Ադրբեջանի կողմից:
Նշենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է 2012 թ. հոկտեմբերին:
‘