‘Նոր մանրամասներ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործունեության վերաբերյալ’

965

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «КМС» տեսակի «TD 2042» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ПМ» տեսակի «ВА 0033» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «АКМС» տեսակի «TF 7373» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի «ПМ» տեսակի «СН 3478» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:

Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:

Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:

Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Նախորդ հոդվածը‘Բացի Սմբոյից, Դիմիտրիից, Մաքսհուրից՝ ստվերից ուրիշ դուրս եկողներ կլինե՞ն’
Հաջորդ հոդվածը‘Չծառայածների հատուկ գունդը կազատագրի Նախիջեւանը’