‘Նոր մանրամասներ. Գորիսի միջադեպի պատճառն աղջի՞կ է եղել’

3357

‘

Օրերս լրատվամիջոցները գրեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ 22-ամյա Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական ողբերգական միջադեպի մասին: Մայիսի 2-ի երեկոյան Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով  Գորիսում բնակվող Զաքարյան եղբայրները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ընդ որում՝ նրանցից մեկը՝ Հարություն Զաքարյանը, ներկայումս զրկված է տեսողությունից: Երիտասարդին մեկ անգամ արդեն վիրահատել են, բայց բժիշկները գրեթե հույս չեն տալիս, որ տեսողությունը կվերականգնվի:

Մամուլում ի սկզբանե տարածվեց վարկած, թե միջադեպի պատճառ է դարձել այն, որ Տիգրան Խաչատրյանը դիտողություն է արել երթեւեկության կանոնները խախտած Զաքարյանին:

Մինչդեռ Գորիսում խոսում են ավելի հավանական վարկածի մասին, ըստ որի՝ «ավտոմիջադեպը» այլ բովանդակություն ունի: Համաձայն այս վարկածի՝ Գորիսում իր մեքենան վարելիս ավտովթարի է ենթարկվել Հարություն Զաքարյանը, որը մեքենայից դուրս գալով՝ հայտնաբերել է, որ իրեն հարվածող մեքենայի ղեկին աղջիկ է: Զաքարյանը նկատողություն է արել նրան՝ «ավտո չես կարում քշես, ղեկին մի նստիր», ապա առաջարկել է աղջկան իր օգնությունը՝ մեքենան վթարի վայրից հանելու հարցում:

Զաքարյանի դիտողությունը դուր չի եկել աղջկան, եւ նա զանգել է Տիգրան Խաչատրյանին՝ խնդրելով միջամտել: Մնացածն, ինչպես ասում են, ըստ տեքստի:

Հիշեցնենք, որ iLur.am-ի հարցին ի պատասխան՝ Սուրիկ Խաչատրյանը երկուշաբթի ժխտեց իր որդու մասնակցությունն այս միջադեպին՝ պնդելով, որ իր որդին դեպքի օրը Երեւանում է եղել: Միջադեպի մասին խուսափում էին խոսել նաեւ տուժողների հարազատները՝ պնդելով, թե Հարություն Զաքարյանը վնասվածքը պատահաբար է ստացել:

Երեկ, սակայն, քննչական կոմիտեն հաստատեց միջադեպի եղելությունը և Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը, որից հետո դրա մասին խոսեցին նաեւ Զաքարյանների հարազատները:

Հավանաբար՝ Սուրիկ Խաչատրյանի «ժխտողականության» պատճառը ոչ միայն որդուն հերթական քրեական պատմությունից մաքրելու «բնական» մղումն է, այլեւ այն, որ միջադեպի առիթ դարձած աղջիկը Տիգրան Խաչատրյանի հետ նախկինում մտերիմ հարաբերությունների  մեջ է եղել, իսկ Տիգրանը շուրջ մեկ տարի է՝ ամուսնացած է: 

‘

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Բավարիա». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապին Սավչենկոյի պատկերով շապիկ են նվիրել’