‘Նոր մանրամասներ կաշառք ստանալու փաստով’

658

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման  Բաղդասարյանը, Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում քաղաքացուհուց 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո` փաստով բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ, հայտնում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երկու հանցադրվագ ևս. դեկտեմբերի 25-ին Մասիս քաղաքի մեկ այլ  բնակչուհի ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ 2012 թ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայությունից «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 21.500 դրամ կաշառք:

Նույն օրը Մասիս քաղաքի մեկ այլ բնակիչ հայտարարություն է տվել, որ 2011-2012 թթ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայության ցուցակներում մնալու և «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 160.000 դրամ կաշառք:

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած՝ Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և հոկտեմբեր ամսից սկսած՝ այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման  Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը՝ որպես կաշառք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Նախորդ հոդվածը‘Զիդանը խորհուրդ է տվել «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակել Մարչելո Լիպիին’
Հաջորդ հոդվածը‘Տոնական օրերին ԱՄՆ-ն ալեկոծվում է նոր փոթորիկներից’