‘Նոր «Մարտի 1»-ի՝ Սերժ Սարգսյանի սցենարը’

2921

Ստորև ներկայացնում ենք Hetq.am-ում հրապարակված Ստեփան Դանիելյանի հոդվածը.

Ի տարբերություն ընդդիմության (ընդդիմություն կանվանենք այն ուժերին, որոնք հավակնում են իշխանության, ի տարբերություն ընդդիմության դեմ աշխատող, սակայն իշխանություն չունեցող կազմակերպությունների, որոնք իշխանության հավակնելու պոտենցիալ չունեն), իշխանությունը Հայաստանում գործել է ավելի համակարգված: Ընտրություններ կեղծելը դեռ գործի կեսն է, ընտրության «արդյունքները» արտաքին խաղացողների հետ համաձայնեցնելը ավելի դժվար լուծելի խնդիր է: Այ այս հարցում են իշխանությունները միշտ գերազանցել ընդդիմությանը: 2008-ին իշխանությունը կարողացել է երևալ ավելի նախընտրելի միաժամանակ և՛ Հյուսիսի և՛ Արևմուտքի համար: Առանց այս նախապայմանի «Մարտի 1»-ը չէր կարող լինել:

Ինչպես հիշում ենք, 2008-ի դեպքերից հետո բոլոր հիմնական արտաքին խաղացողները չափազանց հանդուրժող էին Սերժ Սարգսյանի հանդեպ: Այսօր նույնպես նմանատիպ խնդրի առջև է կանգնած Սերժ Սարգսյանը (ինչու եմ ասում «Սերժ Սարգսյանը», այլ ոչ թե «իշխանությունը», որովհետև այսօր իշխող խմբավորման և Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի շահերը ակնհայտ կերպով չեն համընկնում): Ակնհայտ է, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որտեղ Սերժ Սարգսյանը իշխանությունը կարող է պահպանել միայն կոշտ բռնության միջոցով, ինչի ռեսուրսը նա դեռ ունի, սակայն հիմնական խնդրահարույց պահը ուժային քայլերի հանդեպ Հյուսիսի ու Արևմուտքի միաժամանակյա «հանդուրժող» վերաբերմունքի հնարավորությունն է, ինչը 2008-ին կար:

Այս համատեքստում է պետք դիտարկել իշխող կլանի արտաքին, ներքին և քարոզչական քաղաքականությունը: Այսօր իրավիճակը բավականին բարդ է, պետք է միաժամանակ Արևմուտքի համար լինել Հայաստանում գործող քաղաքական ուժերից «չարյաց փոքրագույնը», իսկ Ռուսաստանին պետք է ցույց տալ այն հնարավոր վտանգները, որոնք կլինեն իրենց իշխանությունը կորցնելու դեպքում: Եթե այս երկու խնդիրները լուծվեն, ապա կարելի է համոզված պնդել, որ նոր «Մարտի 1»-ը անխուսափելի է: Այլ ելք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նրանք չունեն:

Հետևելով իշխանության քարոզչամեքենային՝ տեսնում ենք, որ կլանի քաղաքականությունը հետևյալն է.

ա) Համոզել Ռուսաստանին, որ Հայաստանում առկա են խիստ ընդգծված հակառուսական տրամադրություններ, որի համար անհրաժեշտ բոլոր պայմանները իշխանությունն ինքն է ստեղծում: Այսինքն՝ Հայաստանում հնարավոր է հայկական «Եվրամայդան»: Ինչի համար ստեղծվում են համապատասխան լրատվական ֆոն և համապատասխան «արևմտամետ» ուժեր:

բ) Ցույց տալ Արևմուտքին, որ Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք կարող են օգտվել իշխանափոխությունից, ունեն ռուսական կողմնորոշում: Այսինքն, և՛ Արևմուտքի և՛ Ռուսաստանի համար գործող իշխանությունը պետք է համարվի չարյաց փոքրագույնը: Պետք է զգուշացնել բոլոր քաղաքական և «լրատվական» խաղացողներին, որ նպաստում են այս քաղաքականությանը, որ հնարավոր «Մարտի 1»-ի կրկնության դեպքում նրանք բոլորը կրում են դրա պատասխանատվությունը:

Ուկրաինայի դեպքերը պետք է բոլորին ցույց տան, որ երկրի ժողովրդավարացման, պետության կառավարման գործում հակակշիռների ստեղծման և հանրության վերահսկողության մեխանիզմների ձևավորման գործը պետք չի պայմանավորել աշխարհաքաղաքական գործոններով: Դա դեպի ողբերգություն տանող ճանապարհ է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Կուտակայինը ժամանակի մեքենա է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ-իրանական սահմանում էկոլոգիական միջանցքներ կստեղծվեն կենդանիների միգրացիայի համար’