‘Նոր մտածողություն Հարավային Կովկասի վերաբերյալ’

1887

Հաճախ նոր վարչակազմերը նոր քաղաքականությունների հնարավորություններ են առաջարկում: Տարածքներից մեկը, որտեղ ԱՄՆ-ն նոր նախաձեռնությունների կարիք ունի, Հարավային Կովկասն է, քանի որ այստեղ ի հայտ են գալիս նոր հնարավորություններ և նոր մարտահրավերներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է ԱՄՆ առանցքային շահերի համար վճռորոշ հնարավոր լուրջ հետևանքներ: Ինչպես ցույց տվեց 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, իրադարձությունները Հարավային Կովկասում ունեն հետհարվածներ, որոնք տարածվում են տարածաշրջանից դուրս՝ ընդգրկելով Եվրոպայի անվտանգությունը, և դա շարունակում է ճշմարիտ լինել այսօր: Վաշինգտոնը կարիք ունի ըմբռնելու, որ այս տարածքի ներհատուկ կարևորությունը և տեղական միտումները լրջորեն ազդում են Եվրոպայում և Ռուսաստանում հիմնական փոխհարաբերությունների վրա: Վարչակազմը չպիտի իրեն սահմանափակի այս տարածաշրջանն իբրև սոսկ օդային ուղի կամ տարանցիկ ճանապարհ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման համար դիտարկելով, այլ դիտի այն որպես ինքնին վճռորոշ նշանակություն ունեցող տարածաշրջան, որն ունի ռազմավարական կարևորություն, և որի անվտանգությունը նույնպես շաղկապված է ԱՄՆ կենսական շահերին:

Այստեղ ի հայտ է գալիս երկու հնարավորություն: Առաջինը Տրանսանատոլիական գազատարի շինարարությունն է Ադրբեջանից Թուրքիայով մինչև թուրք-բուլղարական սահման: Այս խողովակաշարով գազն Ադրբեջանից կփոխադրվի Կենտրոնական Եվրոպա, հենց որ Թուրքիայի հետ Բուլղարիայի սահմանից ընտրվի համապատասխան ճանապարհը: Տրանսանատոլիական գազատարը և խողովակաշարը, որը վերջնականորեն ընտրվել է, որպեսզի կապ հաստատվի Բալկանների հետ, նաև Բալկանյան երկրների կառավարությունների համար այլընտրանք կհանդիսանա Ռուսաստանի «Հարավային հոսք» գազատարին, որն ըստ էության քաղաքական պրոյեկտ է՝ Բալկաններն ու Ուկրաինան Ռուսաստանի ազդեցությանը ենթարկելու նպատակով և խիստ կասկածելի տնտեսական պայմաններով: Ավելին, որքան Ադրբեջանը կարողանա առաջ ընթանալ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) առումով, և եթե կասպիական այլ արտադրողները, ինչպիսիք են Թուրքմենստանը և Ղազախստանը, ի վիճակի լինեն արտադրել ՀԲԳ կամ նույնիսկ թերթաքարային գազ և այն նավերի միջոցով տեղափոխել Ադրբեջան և այնուհետև Եվրոպա՝ այդպիսով շրջանցելով Կասպից ծովի սահմանանշման հարցը, կասպիական այս արտադրողները հնարավորություն կունենան հաղթահարելու դեպի Ադրբեջան և այնուհետև դեպի Եվրոպա խողովակաշարերի կառուցումը արգելափակելու իրանա-ռուսական ջանքերը: ԱՄՆ նախաձեռնություն՝ ապահովելու Կասպիական ավազանից դեպի Բալկաններ մատակարարման բազմազանությունը, նաև ընդլայնում է բալկանյան կառավարությունները ժողովրդավարացնելու և Ադրբեջանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի անվտանգությունն ամրապնդելու հնարավորությունները:

Կովկասում երկրորդ հնարավորությունը ռուս-վրացական երկխոսության գործընթացի սկիզբն է, ինչքան էլ չնչին կարող է թվալ այդ քայլը: ԱՄՆ-ն պետք է խրախուսի Վրաստանին ոչ միայն բանակցել Ռուսաստանի հետ, այլ նաև բուն ժողովրդավարության հաստատման քայլեր նախաձեռնել՝ առանց միջամտելու նախագահ Սահակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի միջև քաղաքական վրեժխնդրության խաղին: Փոխարենը մենք պետք է խրախուսենք Վրաստանում ժողովրդավարության տարածման գործընթացը և լրջորեն զբաղվենք այն էթնիկ խնդիրներով, որոնք դարձան 2008 թ․ պատերազմի դրդապատճառը: Վերջիվերջո, մեր նպատակը պետք է լինի ժողովրդավարական Վրաստանը, բանակցությունների միջոցով Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների կարգավորումը և վրացական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերումը: Վրաստանի հետ նման բանակցային կարգավորմամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ձեռքբերման նախապայմաններից մեկը պետք է լինի բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերումը: Այդ ելակետից՝ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում՝ մանավանդ եթե այդ գործընթացը զուգահեռվում է ժողովրդավարության ամրապնդման հետ, առարկությունները լրջորեն կնվազեն: Այսպիսով, Վրաստանը իր անվտանգության ապահովման նոր հնարավորություններ կստանա և Ռուսաստանի մտահոգությունները պատասխան կստանան նման չլուծված էթնիկական խնդիրների լուծմամբ: Անկասկած, եթե Մոսկվան հրաժարվի դուրս հանել իր զորքերը անկախ Վրաստանի տարածքից, ԱՄՆ դիվանագիտությունը պետք է վերանայի այն հարցը, որ Ռուսաստանը պարտավոր է փոխհատուցել միջազգային պայմանագրերի խախտման դեպքում:

Միևնույն ժամանակ գոյություն ունեն նաև խոշոր մարտահրավերներ: Դրանցից ամենահրատապը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական պատերազմին վերջ դնելու նպատակով բանակցային մեխանիզմի մշակումն ու կենսագործումն է: Երբ նման լուծում չկա, Մոսկվան էլ ավելի հիմնովին է դիրքավորվում Հայաստանում՝ այդպիսով վտանգի ենթարկելով ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը: Զուգահեռ՝ Հայաստանի վարած քաղաքականությունը գերի է Երևանի առաջադրած պահանջներին առ այն, ինչը մինչ օրս ընդհանուր առմամբ պաշտոնապես ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, և Ադրբեջանն իր էներգակիրներից ստացված հասույթից ահռելի գումարներ է ծախսում սեփական զինուժի համար, որպեսզի պատրաստվի երկրորդ ռաունդին: Միևնույն ժամանակ՝ կարգավորման բացակայությունը Բաքվին ստիպում է մտահոգվել, քանի որ ադրբեջանցի փախստականները զգայուն են իսլամիստ ծայրահեղական գաղափարախոսությունների և իրանական դիվերսիաների նկատմամբ: Որքան երկու կողմերի դիրքորոշումները կարծրանում են, այնքան նվազում է հակվածությունը՝ բանակցությունների միջոցով հասնելու կարգավորման, ավելի շատ կուսակցական ուժեր են իշխում երկու կողմերին, և աճում է այն պատահարների քանակը, որոնք կարող են դառնալ հրձիգ՝ տարածաշրջանային նոր պատերազմի ծավալման համար: Թուրքիան հեշտությամբ կարող է ներքաշվել հակամարտության մեջ, սակայն միակ հաղթողն այդ դեպքում լինելու է Ռուսաստանը․ արդյունք, որն ամբողջությամբ վնասաբեր է ԱՄՆ, Թուրքիայի և Եվրոպայի շահերի տեսակետից, էլ չխոսած Ադրբեջանի և Հայաստանի ճշմարիտ կենսական շահերի մասին:

Մոսկվայի թվացյալ բանակցություններն այստեղ միայն նպատակ ունեն իր համար ապահովագրել հավերժական ռազմական բազաներ, այլ ոչ թե հասնել խաղաղության: Սակայն ԱՄՆ-ը կարող է միջնորդի դեր ստանձնել ու հասնել նման համաձայնության՝ Թուրքիայի կողմից համոզելու հավելյալ ջանքերի օգնությամբ՝ որպես բանակցությունների միջոցով ձեռքբերված կարգավորման մի մաս, որի նպատակն է նորմալացնել Հայաստանի հետ իր հարաբերությունները, դադարեցնել Հայաստանի հետ սահմանի շրջափակումը, և Երևանին տրամադրել դեպի Եվրոպա տնտեսական հնարավորություններ, որոնցից այն այսօր զրկված է: Հայաստանը, որն այս շրջափակման պատճառով ներկայում կորցնում է իր ՀՆԱ-ի 15 տոկոսը, ժամանակի ընթացքում կստանար տնտեսական և անվտանգության տարբերակներ՝ Ռուսաստանից անդին, և կկարողանար ինտեգրվել տարածաշրջանային տնտեսական գործընթացներում: Հնարավոր է, որ այս միտումը նաև կփոքրցներ Ադրբեջանին սպառնալու՝ Իրանի կարողությունը և կմեղմեր իրանական ազդեցությունը Հայաստանում: Այն նաև կարող էր նույնիսկ բացել եվրոպացիների աչքերն այն իմաստնության հանդիման, որ տեղին է վերստին դիտարկել ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի դիմումը: Սակայն եթե այս բարեբեր շրջանի մեկնարկը տալու հնարավորությունը կորսվի, դրան կփոխարինեն լարվածությունների շարունակվող բարձր աստիճանը կամ նույնիսկ մի արատավոր շրջան, և նման արդյունքից ոչ ոք չի շահի:

Այս մարտահրավերները և հնարավորությունները ընդգծում են Հարավային Կովկասի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության կենսական խնդիրների և ոչ միայնՀարավային Կովկասի պետությունների, այլև Թուրքիայի անվտանգության ու Ռուսաստանի ապագա տարածաշրջանային դերերի միջև փոխադարձ կապերը: Այսօր մեզ ներկայացվող հնարավորությունները յուրացնելու հարցում ձախողումը կարող է միայն մեծացնել հավանականությունը, որ այստեղ անվտանգությանը սպառնացող մարտահրավերները կմնան չդիմագրավված: Եվ, ինչպես 2008 թվականին, բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ թողնում են, որ հակամարտությունները փտեն:

Ստիվեն Բլենքը դասախոսում է U.S. Army War College-ում, Քարլայլ Բերըքս, Փենսիլվանիա: Այստեղ արտահայտված տեսակետները չեն ներկայացնում ԱՄՆ Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ կառավարության կարծիքները:

«The Hill» պարբերականի «Congress Blog»

14/03/13

Հեղինակ՝ Ստիվեն Բլենք [Stephen Blank]

Նախորդ հոդվածը‘Շիրակի մարզի դատախազը նշանակվել է վարչության պետ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Ռաջաբով – Արոնյան. Ուղիղ’