‘Նոր վարկ՝ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար’

962

Այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը 270 մլն դոլար պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Վարկային համաձայնագրին համապատասխան, հայկական կողմը ՌԴ վարկը պետք է օգտագործի ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016 թվականից մինչև 2026 թիվը ներառյալ երկարաձգելու նպատակով ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և ծառայությունների դիմաց վճարման համար, ասել է նախարարը: Հայաստանը վարկը կօգտագործի 2014-2018 թվականներին և պարտավոր է այն մարել 10 տարվա ընթացքում, 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով` հավասար վճարումներ կատարելով յուրաքանչյուր կես տարին մեկ: Վարկի գծով առաջին վճարումը պետք է իրականացվի 2019  թվականի հունվարի 15-ին: ՌԴ վարկը կտրամադրվի ռուբլով:

Ավելի վաղ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հաղորդել էր, որ 270 մլն դոլարի վարկից բացի Ռուսաստանը կտրամադրի նաև 30 մլն դոլարի դրամաշնորհ: 

Նախորդ հոդվածը‘Օհանյանն ու Կասպրչիկը քննարկել են խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմը վերադարձնելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտային միջոցների գրանցումը տեխնիկական պատճառներով դադարեցվել է. ՃՈ’