‘Նոր վարկային ծրագիր ուսանողների համար. Վարկի մարումը՝ ուսման ավարտից հետո’

1188

ՀՀ կառավարությունը և Հայաստանի բանկերը համատեղ նախաձեռնել են աննախադեպ վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական, ինչպես նաև ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են: «Արմենպրեսի» փոխանցմամբ` փետրվարի 6-ին հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նոր վարկային ծրագիրը միտված է  սոցիալական կարևորագույն խնդրի լուծման:

«Բանկերի համար շատ կարևոր է կրթության ոլորտը: Հայաստանի բանկերի միությունը տարբեր միջոցառումներ է իրականացնում այս ոլորտում: Վերջին միջացառումը «Բանկային գործ» մագիստրոսական ծրագրի պատրաստումն էր»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա նշեց, որ չորս-հինգ առևտրային բանկերի կողմից մշակված միասնական վարկավորումը աննախադեպ են Հայաստանում, սակայն ի տարբերություն նախորդի` նոր վարկային ծրագրի ժամկետը տասը տարի է, նախորդ 5-7 տարիների փոխարեն:

«Վարկային ծրագրի հիմնական վճարումն ուսանողը կատարում է ավարտելուց հետո: Վաղվանից կարող են դիմել վարկերի համար ծնողների կամ ուսանողների բարեկամների երաշխավորությամբ: Հիմնական պահանջն այն է, որ երաշխավորը չունենա վատ վարկային պատմություն»,- ասաց Օսիպյանը:

Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1 800 000 ՀՀ դրամ`ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը չորս մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից:

Վարկը կտրամադրվի 12 տոկոսով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին: Ծրագիրն իրականացվելու է 14 առևտրային բանկերի միջոցով: Վարկային ծրագիրը կգործի փետրվարի 7-ից:

Այն հարցին, թե՞ արդյոք վարկային ծրագիրը վերաբերում է նաև այն մասնագիտություններին, որոնց ուսման վարձը 450 հազար դրամից ավելի է`Աշոտյանը նշեց, որ համաձայն իրականացված հաշվարկների`  2013-14 թվականների համար միջինում վարձերի չափը կազմելու է 450 հազար դրամ և դա պատահական ցուցանիշ չէ:

«Վարկերը անպայման չէ, որ ամբողջությամբ ծածկեն ուսման վարձը: Հաշվի առնելով միջազգային փորձը` տրամադրման գործընթացում հարյուր տոկոսանոց ծածկույթ շատ քիչ երկրներում է, որ ապահովվում է: Մենք որևէ պարտավորություն չունենք շրջանավարտների աշխատանքի տեղավորելու` բացառությամբ նպատակային ընդունելության դեպքերի»,- պարզաբանեց Աշոտյանը` շեշտելով, որ ենթադրվում է, որ ուսանողները դառնալով լավ մասնագետներ ավատելուց հետո կարող են գտնել իրենց տեղը աշխատաշուկայում: «Եթե խոսում ենք մոտիվացիայի մասին, ապա որևէ մեկը չի կարող ավելի շահագրգիռ լինել բարձրագույն կրթություն ստանալու հարցում,  քան ինքը ուսանողը»,- ասաց Աշոտյանը:

Հայաստանի բանկերի միության նախագահն էլ ավելացրեց, որ բարձր վարձատրվող թափուր աշխատատեղեր բանկային ոլորտում առկա են:

Նախորդ հոդվածը‘Նեյմար. Անգլիան ընդամենը մի Ռունի ունի’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորության հարցը’