‘Նոր փոփոխություններ Չեմպիոնների ու Եվրոպա լիգաների կանոնակարգերում’

1332

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքի մրջոցով հայտարարել է Չեմպիոնների  ու Եվրոպա լիգաներում կատարված փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ են մտնելու 2018-2019թթ. մրցաշրջանից:

Խմբային փուլից հետո ակումբներին թույլ է տրվելու երեք նոր ֆուտբոլիստներ հայտավորել, որոնց համար մրցաշարին մասնակցելու որևէ արգելք չի կիրառվելու: Նախկինում Չեմպիոնների լիգային կամ Եվրոպա լիգային մասնակցող մեկ թիմից մյուսը տեղափոխվելու դեպքում ֆուտբոլիստներին արգելվում էր մասնակցել փլեյ-օֆֆի խաղերին: Օրինակ, ընթացիկ մրցաշրջանում Ֆիլիպե Կոուտինյոն չի կարող «Բարսելոնայի» կազմում մասնակցել փլեյ-օֆֆին, որովհետև խմբային փուլն անցկացրել է «Լիվերպուլի» հետ: Մյուս մրցաշրջանից այդ կանոնը չի գործի:

ՈւԵՖԱ-ն հայտարարել է նաև եվրագավաթների փլեյ-օֆֆի խաղերի լրացուցիչ ժամանակում 4-րդ փոփոխությունը կատարելու թույլտվության մասին:

Չեմպիոնների լիգայի եզրափակչում, Եվրոպա լիգայի եզրափակչում և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում ակումբներին թույլ է տրվելու հայտավորել 23 ֆուտբոլիստի, այլ ոչ թե նախկինի պես` 18:

2018-19թթ. մրցաշրջանից սկսած Եվրոպա լիգայում ընդհանուր 5 անգամ կամ երեք անգամ անընդմեջ չեմպիոն դարձած թիմին թույլ է տրվելու հատուկ նշան կրել: Ներկայումս այդ իրավունքի արժանացել է միայն իսպանական «Սևիլյան»:

Փոփոխվել են նաև Չեմպիոնների լիգայի խաղերի ժամերը: Գարնանը և աշնանը հանդիպումները սկսվելու են Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ ձմեռային ժամանակահատվածում` 24:00: Խմբային փուլի յուրաքանչյուր խաղային օրը երկու մրցավեճ կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին (ձմեռային ժամանակահատվածում` 22:00): ՈւԵՖԱ-ի ադմինիստրացիան կարող է բացառություններ անել:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգերը չի ընդունում, երբ ասում են՝ տարիքն առել է’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն մերժել է ՊՍԺ-ին’