‘«Նոր օրենքով ձեռներեցները կգտնվեն կախվածության մեջ». Տեսանյութ’

1435

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխման դեմ պայքարող ձեռներեցները ստեղծել են «Կասեցում» անունը կրող նոր քաղաքացիական նախաձեռնություն: Նախաձեռնության նախաձեռնողներից Սամսոն Գրիգորյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը պայքարելու է միմիայն օրենքի կասեցման դեմ եւ չի հետապնդում քաղաքական նպատակներ: 

Մեր զրուցակիցը նշեց, որ օրենքի կիրառման դեպքում հարկային տեսուչը ուզած ժամանակ կարող է գալ եւ ստուգել ձեռներեցների խանութները, ինչը նշանակում է, որ արդեն իսկ իրենք գտնվելու են կախվածության մեջ: «Երկրորդ` այսօրվա դրությամբ կառավարությունը շեշտում է, որ մեր միջոցով ուզում է բռնի մեծ ներկրողներին: Ի՞նչ եք կարծում, ավելի հեշտ է 55 հազար մանր ձեռներեցի հատ-հատ ստուգել, թե ուղղակի սահմանի վրա տեսնել, թե մեծ բեռնատարներով ինչ են տեղափոխում: Նշեմ նաեւ, որ եթե մեզ մոտ անգամ մեկ հատ խախտում գտնվեց, ապա մենք մտնում ենք ԱԱՀ-ի տակ եւ ենթարկելու ենք քրեական պատասխանատվության, այսինքն` խաղալու են մեծ բիզնեսի կանոններով»,- հավելեց Սամսոն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մանր եւ միջին ձեռներեցները բողոքում են օրենքի այն փոփոխության դեմ, որը պարտավորեցնում է փաստաթղթային տվյալներ ներկայացնել յուրաքանչյուր վաճառված ապրանքի վերաբերյալ: Կառավարությունն իր հերթին պատճառաբանում է, որ օրենքը նպատակ ունի հարկային դաշտ բերելու խոշոր գործարարներին:

Ձեռներեցների բողոքին աջակցություն են հայտնել ԱԺ ոչ իշխանական Քառյակը եւ ՕԵԿ խմբակցությունը: Նրանք այլընտրանքային օրինագիծ են առաջ քաշել, որը ընտրության հնարավորություն է տալիս գործարարներին՝ կամ վճաևել 1 տոկոս շրջանառության հարկ եւ փաստաթուղթ ներկայացնել, կամ՝ 3,5%  հարկ՝ առանց փաստաթղթի: ՀՀԿ խմբակցություն այս օրինագծի քննարկման համար հրավիրված արտահերթ նիստը բոյկոտել է:

Նախորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները Իրաքի պատմամշակութային ժառանգության հուշարձանները վաճառում են սև շուկայում’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի ռազմական օդաչուները սխալմամբ ԻՊ գրոհայիններին են նետել զինամթերքն ու սննդամթերքը’