‘Նուլանդը ներողություն է խնդրել հայհոյանքի համար’

732

Համացանցում հայտնվել է հեռախոսազրույցի մի ձայնագրություն, որում բարձրաստիճան ամերկացի դիվանագետը չափազանց կոպիտ է արտահայտվում Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը կարգավորելու՝ ԵՄ-ի փորձերի մասին:

Հեռախոսազրույցը, որ  վերագրում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթին, You Tube-ում է հայտնվել հինգշաբթի օրը: Այն վերնագրված է «Մայդանի խամաճիկները», անգլերեն խոսակցությունն ուղեկցվում է տողատակում ռուսերեն թարգմանությամբ:

Խոսակցության ընթացքում կին զրուցակիցը խոսում է ՄԱԿ-ի  և նրա դերի մասին՝ Ուկրաինայի ճգնաժամից ելքեր որոնելու հարցում: «Կարծում եմ՝ հրաշալի կլիներ, որ ՄԱԿ-ն օգներ ամեն ինչ սոսնձել իրար, և /…/ Եվրամիությունը»,- ասում է կինը՝ ԵՄ-ի վերաբերյալ օգտագործելով «f»-ով սկսվող անպատշաճ բառ: Նրա զրուցակիցը պատասխանում է. «Անշուշտ: Ես էլ եմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բան անենք՝ այս ամենն իրար կապելու համար, որովհետև, գրազ եմ գալիս, երբ այս ամենն սկսի թափ հավաքել, ռուսներն սկսելու են աշխատել ետնաբեմում ու փորձելու են ամեն ինչ խափանել»:

Զրուցակիցները նաև բացահայտ քննարկում են ուկրաինական ընդդիմության երեք առաջնորդների թերություններն ու առավելությունները: Կինն ասում է, որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն չպետք է մտնի նոր կառավարության կազմ: «Դա լավ միտք չէ,- ասում է նա ու շարունակում,-կարծում եմ՝ Յացը (Արսենի  Յացենյուկը) այն մարդն է, ով տնտեսական փորձ ունի»:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ «Նուլանդն անձամբ ներողություն է խնդրել Եվրամիության դիվանագիտական կորպուսի իր գործընկերներից՝ իրեն վերագրված խոսքերի համար», փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի առաջադրում՝ մարիխուանան օրինականացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում մոտավորապես հազար կալանավորներ հացադուլ են հայտարարել’