‘Նվիրվում է մարտի 1-ի զոհերի հիշատակին’

1071

Նվիրվում է մարտի 1-ի զոհերի հիշատակին…

Մեզանից առաջ…

Մեզանից առաջ ինչ-որ մի աշխարհ ջրի տակ անցավ,
Իսկ մենք ապրեցինք այդ հին աշխարհի հևքը կորցրած,
Եվ այդ է գուցե պատճառը, որ մեր ներկան զարմացավ,
Թե ինչու ենք մենք բոլորս ապրում՝ դեսուդեն ցրված։
Թե ինչու ենք մենք միշտ ժպտում իրար, հետո կոխկրտում,
Թե ինչու ենք մենք մեր ձեռքով ծախում մեր իսկ բողոքը,
Եվ թե ինչու ենք հին արժեքներից ավերակ կերտում,
Եվ կամ էլ մեր իսկ զինվորի դիմաց հանում ողջ զորքը։
Եվ այդ ժամանակ օտարը ինչ-որ դեկրետ է սարքում,
Եվ մոռանում են Հայր մերը նույնիսկ վանականները,
Իսկ երբ անբաժան հողը գտնում ենք «նոր» հոգեվարքում,
Անհետանում են այս մեծ աղետի բյուր վկաները։
Դու քեզ չես գտնում այս տողերի մեջ, դու այստեղ չկաս,
Դու քեզ կարծում ես մեծ հայրենասեր այս ոլորանում,
Բայց մի՞թե դու չես այս մեծ աղետում, այս ցավում հսկա,
Ինձ թողնում մենակ ու արմատներից քո իսկ հեռանում։
Մեզանից առաջ ինչ-որ մի աշխարհ մեր մասին գիտեր,
Այն ժամանակ էլ հենց ժամանակը մարգարեացավ,
Եվ միակ մարդը, ով պիտի դեռ նոր աշխարհներ կերտեր,
Աշխարհից առաջ ու բոլորից շուտ ջրի տակ անցավ…

Ծովինար Բանուչյան

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը՝ ուղիղ եթերում’
Հաջորդ հոդվածը‘«Մեր Կաթողիկոսը Բեթմենն է»’