‘
Քիչ առաջ ոստիկանությունը բավականին ուշագրավ մի պարզաբանում է տարածել ժամեր առաջ Գյումրիում տեղի ունեցած բախումների վերաբերյալ: Ինչպես եւ ակնկալվում էր, ոստիկանությունը պնդում է, թե իրենք միայն հասարակական կարգ են պահպանել, իսկ ցուցարարներն էլ` իբր առաջինն են սկսել: Այնինչ, կադրերում հստակ երեւում է, որ ոստիկանները ոչ թե հասարակական կարգն են պահել, այլ` խոչընդոտել են ցուցարարների ազատ տեղաշարժի իրավունքը` ամբողջությամբ փակելով ճանապարհը եւ օղակելով ցուցարարներին:
Իսկ նրանց համար, ում հետաքրքիր է ոստիկանության հայտարարության ամբողջական տարբերակը, տեքստը` ստորեւ.
«ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները` խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը, բացառապես օրենքով նախատեսված միջոցների կիրառմամբ, ապահովել է նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
2015թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում, Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք: Ոստիկանության ներկայացուցիչները հավաքի մասնակիցներին մի քանի անգամ կոչ են արել իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքներն իրացնելիս ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներ և հակաիրավական այլ գործողություններ կատարելուց: Այդուհանդերձ, երթին միացած մի խումբ անձինք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված իրենց պարտականությունները կատարող ոստիկաններին:
Բազմաթիվ զգուշացումներից հետո, բացառապես առանձին անհատների հակաիրավական վարքագիծը և դրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու և այդ անձանց մեկուսացնելու միջոցով հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու նպատակով, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել զսպիչ և խափանող բնույթի նվազագույն միջոցներ, որի արդյունքում հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների իրավաչափ պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել հավաքի մի շարք մասնակիցներ:
Ցավոք, հնարավոր չի եղել խուսափել նաև բախումներից, որոնց արդյունքում վնասվածքներ են ստացել հավաքի մասնակիցներ և ոստիկաններ: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության հրապարակից, իրավախախտում կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք:
ՀՀ ոստիկանությանը հետագայում ևս հանրությանը կտրամադրի լրացուցիչ կամ նոր տեղեկատվություն»:
‘