Ապրիլի 26-ին Երևանի Լեո֊Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին սպասարկող ավտոշարասյան ՃՈ ծառայողի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և մահացել Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար 29-ամյա Սոնա Մնացականյանը: Նա հղի էր և սպասում էր առաջնեկին:
Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, երեկ ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․
«Նա փոխել էր ինձ: Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ։ Ես տիեզերքի ամենաբախտավոր տղամարդն էի 8 ամիս ու 2 օր։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգեր, նրա գիրկն ավելի տաք էր, քան արևը։
Երեկ նա վթարի ենթարկվեց ու մահացավ մեր դեռ չծնված դստեր հետ։ Եթե միայն մենք ավելի շատ ժամանակ ունենայինք․․․․
Սոնայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 16-ին՝ Արտաշատ-Դալար խճուղի, 10/1 հասցեում»։
Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը վարչապետին սպասարկող ավտոշարասյան ՃՈ ծառայողի մեքենայի կողմից վթարի է ենթարկվել ապրիլի 26-ի երեկոյան, որից հետո ոստիկանությունը հաստատել էր պատահարի եղելությունը՝ հայտնելով, որ մեքենան եղել է ծառայության մեջ, առանց նշելու, սակայն, թե ում է մեքենան ուղեկցելիս եղել պատահարի ժամանակ։
Ապա դեպքը հաստատել էր նաեւ Քննչական կոմիտեն՝ նորից առանց հիշատակելու, թե մեքենան ում էր ուղեկցում։
ՔԿ-ն մասնավորապես, նշել էր․ «․․․ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Վերջինս ձերբակալվել է»:
Այսինքն, ՔԿ-ն հաստատել էր դեպքի ամենասարսափելի հատվածը, այն է, որ թե ոստիկանական մեքենան, թե շարասյունը, պատահարից հետո լքել էին դեպքի վայրը։
Երկար լռությունից հետո իշխանությունները, այդուհանդերձ որոշեցին արձագանքել կատարվածին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի միջոցով: Հաստատելով, որ վթարի ենթարկած ոստիկանական մեքենան ուղեկցել է Փաշինյանի շարասյանը՝ իշխանությունները հայտարարեցին, թե Փաշինյանի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից վայրկյաններ անց, «վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապ օգնություն կանչել և պարզել՝ ինչ է տեղի ունեցել»:
Իսկ դեպքի վայրը լքելու հանգամանքը իշխանությունները պատճառաբանել էին խցանումներ չառաջացնելու ցանկությամբ եւ միջազգայնորեն ընդունված պրոտոկոլներով։