‘Ն.Զոհրաբյան. Եթե հարցի քննարկումը տապալվի, մենք ժողովրդի՛ հետ միասին կքննարկենք մեր հետագա անելիքները’

780

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ վարման կարգի վերաբերյալ իր ելույթում այսօր հայտարարեց, որ ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն եւ ԲՀԿ խմբակցությունները Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ճանաչել են արտահերթ եւ ներկայացրել են ԱԺ այս քառօրյայի քննարկմանը: «Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը հավատարիմ իր գործելաոճին՝ չի փորձի հերթական անգամ տապալել արտահերթ քննարկումները, ինչպես անում է մշտապես: Բայց եթե Կառավարությունը շարունակի իր այս մարտավարությունը, եւ շարունակի տապալել ԲՀԿ-ի եւ մեր գործընկեր խմբակցությունների նախագծերը, ապա ԲՀԿ-ն, այս խնդիրը քննարկելով խմբակցությունում եւ կուսակցությունում՝ իրեն իրավունք է վերապահելու այսուհետ չմասնակցել կառավարության կողմից ներկայացված որեւէ նախագծի քննարկման ու քվեարկության, եւ ժողովրդի հետ ճշգրտելու ենք մեր ծրագրերն, անելիքներն ու ասելիքները»,- զգուշացրեց նա: Զոհրաբյանը նաեւ հայտարարեց, որ կառավարությունը «ուրբաթ կեսգիշերին, մինչեւ երկուշաբթի լուսադեմ» հրատապ է ճանաչել երեք օրենքի նախագիծ եւ ներկայացրել խորհրդարան: «Եթե իրենք խորհրդարանի փոխարեն որոշել են ու խորհրդարանին վերապահել դակիչի ֆունկցիա, եկեք դիմենք, Սահմանադրական փոփոխություններ առաջարկենք, որ իրենք գան այստեղ, քննարկեն իրենց օրինագծերը եւ քվեարկեն: Իսկ ԲՀԿ-ն չի մասնակցի որեւէ քննարկման, որը կառավարության կողմից կճանաչվի անհետաձգելի: Չի մասնակցի` անկախ նախագծի բովանդակությունից»: 

Նախորդ հոդվածը‘Լարված վիճակ՝ Վլադիմիր Պուտինի այցի դեմ ակցիայի ժամանակ (Ուղիղ, լրացված, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը ժամանեց (տեսանյութ)’