‘Ն.Զոհրաբյան.ԵԽԽՎ-ն լրջորեն սկսել է զբաղվել Ադրբեջանով’

927

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն սկսվել է Ադրբեջանի հասցեին խիստ քննադատությամբ` այդ երկրում տիրող ոչ ժողովրդավարական իրավիճակի առնչությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա ասելով, նիստի ընթացքում բարձրացվել է այդ երկրում քաղբանտարկյալների և լրագրողների նկատմամբ հալածանքի հարցը: «Նույնիսկ այդ հարցերի առնչությամբ Ադրբեջանի վերաբերյալ հատուկ զեկույց կազմելու որոշում է կայացվել, ինչին չափազանց բուռն է արձագանքել ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` կազմակերպության նախագահ Էնն Բրասերին մեղադրելով քվեարկության ժամանակ կանոնակարգի խախտման համար: Սակայն Բրասերը հավաստիացրել է, որ ամեն ինչ ընթացել է կանոնակարգին համապատասխան», — պատմել է Զոհրաբյանը, հավելելով, որ քննարկումների առաջին օրվանից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ վերաբերմունքը կտրուկ վատացել է: «Կարծում եմ, որ ԵԽԽՎ լրջորեն կսկսի զբաղվել Ադրբեջանով», — նշել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 14:00-ին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ԵԽԽՎ-ում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ռուսական ռազմակայանում կտեղադրվի Կալաշնիկովի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում «Ապարան» խմելու ջրում նորմատիվը գերազանցող նյութեր են հայտնաբերվել’