‘Ն.Զոհրաբյան. Եկեք կամքի բացակայությունը փորձենք կոմպենսացնել օրենքի ուժի պարտադրանքով (տեսանյութ)’

1277

ԱԺ-ում քննարկվում էր ընդդիմադիր պատգամավորների՝ համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրինագիծը:

Քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «եթե այս քննարկմանը մասնակցեին օրինակ` ընտրական օրենսդրությամբ զբաղվող եվրոպացի փորձագետներ, լինեն դրանք Վենետիկի հանձնաժողովից, թե ԵԱՀԿ-ի, նրանց վստահաբար կթվար, թե նրանք մասնակցում են սյուռեալիստական մի քննարկման, որովհետեւ որեւէ կերպ ուղղակի առնչություն ընտրակարգի եւ ազատ ու արդար ընտրության միջեւ, նրանք չէին կարողանա տեսնել, որովհետեւ նրանցից որեւէ մեկի համար որեւէ կերպ հասկանալի չէր լինի, թե ի՞նչ կապ ունի մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը ազատ եւ արդար ընտրության հետ»:

«Բայց եթե նրանք հստակորեն տիրապետեին մեր հայաստանյան իրավիճակին եւ հասկանային, որ՝ այո, ուղղակիորեն կապ ունի, կարծում եմ շատ հարցերի պատասխան կլիներ հասկանալի: Ցավոք սրտի, մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ որ՝ այո, ընտրակարգից շատ բան է նաեւ կախված: Իհարկե, ես համաձայն եմ իմ հարգարժան գործընկերոջ հետ, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը, դա Աստվածաշնչյան պատվիրան չէ եւ բոլոր խնդիրները չեն լուծվելու: Մեզանից որեւէ մեկը ռոմանտիկ չէ եւ հրաշալի հասկանում ենք, որ ընտրական, խայտառակ, արատավոր այն մեխանիզմը, որ երկար տարիներ գործում է Հայաստանում եւ որեւէ կերպ հնարավոր չէ կոտրել, բացարձակապես կապված չէ միայն ընտրական համակարգի հետ, մեծամասնական թե համասնական, որովհետեւ՝ այո, Մեծ Բրիտանիայում գործում է բացառապես մեծամասնական ընտրակարգ եւ շատ դժվար է այդ երկրին մեղադրել, ասենք` ոչ ազատ եւ ոչ արդար ընտրություններ անցկացնելու մեջ: Այստեղ ասվեց, որ հանրությունը պաշտպանում է մեծամասնական ընտրակարգը եւ ներկայացվեց ինչ-որ մոնիթորինգի արդյունք: Թույլ տվեք, չհավատալ նման հարցումների հավաստիությանը, որովհետեւ ես վստահաբար մեկ բան կարող եմ ասել՝ ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում, որ իր ձայնը, իր քվեն հասնի տեղ, անկախ նրանից՝ դա կլինի մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով: Եվ ասել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ավելի հասանելի են, դա եւս ազնիվ չէ, դա եւս բլեֆ է, որովհետեւ ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ հենց այստեղ նստած մեծամասնական պատգամավորներից, որոնց իրենց ընտրատարածքի ընտրողները մեկ անգամ դեմքով անգամ չեն տեսել: Իհարկե, կարող եմ բերել նաեւ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, եւ կարող եմ բերել հակառակը՝ մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք՝ այո պատասխանատու են իրենց ընտրողների առջեւ: Ուստի, խնդիրը այստեղ, կրկնում եմ, էլի համակարգը չի, այստեղ խնդիրը քաղաքական գործիչն է, պատգամավորն է. պատասխանատո՞ւ պատգամավորի հետ մենք գործ ունենք, թե՞ ոչ: Սա է խնդիրը:

Ի վերջո, մեր բոլոր քննարկումները գալիս-հանգում են մեկ կարեւոր եզրակետի՝ քաղաքական կամք կա՞ երկրում անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ, թե՞ ոչ: Վերջին տարիների բոլոր համապետական ընտրությունները խոսում են այն մասին, որ չկա Հայաստանի Հանրապետությանում քաղաքական կամք` անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ: Այստեղ, մեր որոշ գործընկերներ ասացին, որ երկրում համակարգային փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է անպայմանորեն գնալ Սահմանադրական փոփոխությունների, որպեսզի, ինչպես նշում են նաեւ Սահմանադրական փոփոխությունների այդ հանձնաժողովի անդամները, մենք Սահմանադրական փոփոխությունների օրենքի ուժով մեկ գերլիազորություններով օժտված մարդու գերլիազորությունները սեղմենք եւ պարտադրենք նրան չօգտվել իր գերլիազորություններից: Դե հիմա մենք էլ ասում ենք, ուրեմն, եկեք օրենքի ուժով, այսինքն, անցնելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, քաղաքական կամքի այդ բացակայությունը փորձենք կոմպենսացնել օրենքի ուժի պարտադրանքով, այսինքն փորձենք օրենսդրական դանդաղ քայլերի ճանապարհով, կայացնելով նաեւ քաղաքական կուսակցությունները՝ վերացնելով մեծամասնական ընտրակարգի ֆեոդալիզացիան: Մեծամասնականը այն ստարտային բոնուսն է, որը ի սկզբանե իշխող քաղաքական ուժը ունի իր գրպանում մինչեւ ցանկացած ընտրություն: Ի վերջո, անընդհատ քաղաքական մեծամասնությունը խոսում է երկխոսության անհրաժեշտության մասին, վերջերս էր խոսվեց, որ պատրաստ են քաղաքական ուժերի ներկայացրած 12 կետերից ցանկացածի շուրջ, այդ թվում նաեւ ընտրական համակարգի շուրջ քննարկումներից սկսել այդ երկխոսությունը: Եթե դրանք ընդամենը հայտարարություններ չեն, այլ իսկապես կոնկրետ գործնական առաջարկ է, եկեք բաց եւ ազատ քննարկենք: Քննարկենք բոլոր առավելությունները եւ կտեսնենք, որ սա է իրապես ճանապարհը, եթե երկրում չկա քաղաքական կամք անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ, փորձել օրենքի ուժով երկիրը բերել օրենսդրական նորմալ զարգացման դաշտ: Սա է միակ ճանապարհը եւ ձեր քվեարկությունը ցույց կտա քաղաքական մեծամասնությունը պատրա՞ստ է այդ երկխոսությանը, թե՞ շարունակելու է ցանակացած գնով, ցանկացած ճանապարհով եւ ցանկացած եղանակով պահել իր քաղաքական մենաշնորհը»,- նշեց Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Տաբարե Վասկեսը Ուրուգվայի նախագահ է դառնում երկրորդ անգամ’
Հաջորդ հոդվածը‘Իրանցի գեներալը հայտարարել է Իրաքի գրոհայինների դեմ գործողություններ սկսելու հավանականության մասին’