‘Ն. Ծատուրյան. Իմ հայտարարությունների պատճառով աշխատանքից հեռացնելն անիրատեսական է ‘

1167

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին աշխատանքից ինքնակամ ազատվելու պարտադրանքի մասին խոսք չկա: Այս մասին iLur.am-ին հայտնեց մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Ալլա Սերոբյանը:

«Մշակույթի նախարարությունը չի կարող աշխատանքից ազատել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավարին աշխատանքի է ընդունում և ազատում միայն թատրոնի տնօրենը», — նշեց նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, iLur.am-ի հետ զրույցում Նիկոլայ Ծատուրյանը հայտնել էր, որ լսել է, թե իրեն առաջարկելու են ազատման դիմում գրել այն բանից հետո, երբ հրապարակային քննադատության է ենթարկել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին: Ծատուրյանը նշել էր, որ իրեն հրավիրել են նախարարություն, սակայն նշանակված ժամին ներկայացած ժողովրդական արտիստին նախարարը չի ընդունել:

Մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Ալլա Սերոբյանը այս կապակցությամբ նշեց, որ Ծատուրյանին ոչ թե հրավիրել են, այլ ինքն է դիմել նախարարին` ընդունելության համար:

«Նախարարը նշանակել է հանդիպման օր և ժամ, սակայն մինչ հանդիպումը կկայանար, Նիկոլայ Ծատուրյանը հանդես է եկել անհարկի մեկնաբանություններով, որից հետո նախարաը հրաժարվել է նրան ընդունել» — ասաց Ալլա Սերոբյանը:

Ուշագրավ է, որ արդեն այսօր Նիկոլայ Ծատուրյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հանդիպման խնդրանքով ինքն է դիմել նախարարին:

Ինչ վերաբերում է  իրեն աշխատանքից հեռացնելու մասին խոսակցություններին, ապա, ըստ Նիկոլայ Ծատուրյանի, դա «մի քիչ անիրատեսական է, որովհետև, մեր երկրում խոսքի ազատությունը ավելի շատ է, քան ուրիշ հանրապետություններում»:

 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Հասարակությունն ամենից քիչ վստահում է մեքենա վերավաճառողներին և պատգամավորներին ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը դեպի Եվրոպա «կանաչ լույս» վառեց հայկական մեղրի համար ‘