‘Ն. Ռիժկով. ԼՂ-ն կարող է ԵՏՄ-ի մեջ մտնել վերջնական կարգավիճակի որոշումից հետո’

1068

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հակված չէ զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղրիմի միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման համատեքստում: Այդ մասին նա հայտարարել է հանձնաժողովի 25-րդ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչու Ռուսաստանը ԵԱՏՄ մեջ է մտնում Ղրիմի հետ միասին, մինչդեռ Հայաստանը մտադիր է ինտեգրացիոն այդ կառույցին մասնակցել առանց Արցախի:

«Հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղը շատ ցավոտ հարց է Հայաստանի համար, բայց ի տարբերություն Ղարաբաղի` Ղրիմը հանրաքվեի միջոցով Ռուսաստանի կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարծում եմ, անհրաժեշտ է սկզբում հստակ որոշել վերջինիս կարգավիճակը ու հետո քննարկել ձեր բարձրացրած հարցը»,- ասել է Ռիժկովը լրագրողներին: Նրա խոսքով, ինքն ուրախ կլինի տեսնել Ղարաբաղը ԵԱՏՄ կազմում կարգավիճակի որոշումից հետո:

Մեկնաբանելով նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները` Ռիժկովը հայտարարել է, որ բազմիցս հանդես է եկել այդ առնչությամբ ու հիմա ընդամենը պետք է կրկնի, որ ինքը չգիտի, թե ինչու է Մոսկվան զենք վաճառում Բաքվին: «Ասեմ միայն, որ Դաշնության խորհուրդը  սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել»,- նշել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի վերաբերյալ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մանուկյանը՝ ԵՄ պատվիրակներին. Աջակցեք ժողովրդավարությանը, ոչ թե իշխանություններին’