‘
Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) նախաձեռնությունը, որով հանդես է եկել Ն. Փաշինյանը, քաղաքական իրադարձությունների թվացյալ դադարի պայմաններում «թեմա» է դարձել։ Ու հետաքրքիր է, որ այն օրվա «թեմա» է դարձել ոչ թե ինքնին, այլ` իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ու հենց իշխանության ներկայացուցիչների անմիջական ջանքերի շնորհիվ։
Այս առիթով Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության մամուլի պատասխանատուի հայտարարությունը պարզաբանել է Կոնգրեսի՝ դեռ նախընտրական ծրագրում դրված նույն «իմպիչմենտի» դրույթի կիրարկման մասին ի սկզբանե միաձայն (Ն. Փաշինյանի մասնակցությամբ) կայացված սկզբունքային որոշումը, այն է՝ ձեռնպահ մնալ պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելուց, քանի դեռ Ազգային ժողովում բացակայում է դրա հաջողության համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Ուրիշ շատերն են գրել, որ ոչ միայն տրամաբանական, այլ նաեւ թվաբանական հաշվարկներով՝ տվյալ պահին սահմանադրական կարեւոր այդ գործիքի օգտագործումը ոչ միայն աննպատակահար է, այլև վնասակար՝ որքանով որ այն, տվյալ պահի ուժերի դասավորության պայմաններում, անխուսափելիորեն կտապալվի՝ բերելով Ս. Սարգսյանի երերուն դիրքերի ամրացմանը։
Ինչո՞ւ են մարդիկ այդպես մտածում։
Հայտնի քաղաքական տեխնոլոգիա կա. երբ երկրի ղեկավարը ինչ-որ պատճառով քաղաքական ընդդիմության դեմ դժվար դրության մեջ է հայտնվում, սակայն հասարակական պաշտպանության ռեսուրս ունի, համաժողովրդական քվեարկության է դնում իր վստահության հարցը։ Ու երբ ստանում է այդ վստահությունը, նրա դիրքերը միանգամից ամրանում են, ճգնաժամը հաղթահարվում է։ Սերժ Սարգսյանը, շատ ծանր դրության մեջ լինելով, չունի (եւ երբեք էլ չի ունեցել) հասարակական որեւէ աջակցություն, ուստիեւ չէր կարող օգտվել այդ միջոցից։ Բայց նույն բանը «իմպիչմենտի» տեսքով կարելի է անել խորհրդարանում ու դրա տապալումով ստանալով եթե ոչ ժողովրդի անմիջական, այլ, ֆորմալ առումով՝ նույն այդ ժողովրդից ընտրված մարմնի «վստահությունը»։ Ճիշտ է՝ էֆեկտը անհամեմատ համեստ կլինի, սակայն հոգեվարքային վիճակում հայտնված Ս. Սարգսյանի համար դա էլ կենսական նշանակություն կունենա։ Հասկանալի է, արտառոց կլիներ, եթե նման նախաձեռնությամբ հանդես գար ՀՀԿ-ն։ Հասկանալի է, այդ դերը չի ստանձնի իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ։ Ու ահա, անհասկանալի դրդապատճառով դա անում է Ն. Փաշինյանը։ Ու քանի դեռ, ըստ տրամաբանական ու զուտ թվաբանական հաշվարկների, այս պահին արդյունքը ակնհայտորեն հենց տապալումը կլինի, ուստիեւ շատերի մոտ լուրջ կասկածներ են առաջանում սույն նախաձեռնության իրական դրդապատճառների մասին։
Այս ամենի կողքին, սակայն, անհրաժեշտ է կանգ առնել նաեւ մի այլ, տվյալ դեպքում՝ շատ էական հարցի վրա.
Ն. Փաշինյանը նամակով դիմել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությանը՝ նրա անդամներին խնդրելով իրենց ստորագրություններով միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իր նախաձեռնած գործընթացին։ Այսինքն, դրանով նախաձեռնության հեղինակը ամենակարեւոր քաղաքական հարցով պաշտոնապես համագործակցության ձեռք է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Հիշեցնենք, որ երեք տարի շարունակ Ն. Փաշինյանը համառորեն բացառել է ԲՀԿ-ի հետ որեւէ համագործակցության հնարավորություն։ Խիստ սկզբունքային համարելով իր այդ վարքագիծը՝ նա հենց այդ առիթով էր, որ հեռացավ Կոնգրեսից։ Ավելին՝ այդ հիմքի վրա է, որ այս ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսին։ Իր անսասան դիրքորոշումը նա հիմնավորել է, առաջին հերթին, «բարոյական» հիմքով (այն է՝ առողջ քաղաքական ուժերը իրավունք չունեն համագործակցել մի կուսակցության հետ, որը թաղված է բազմաթիվ մեղքերի ու հանցանքների մեջ), ինչը կարելի է հիմնավորել Փաշինյանի բազմաթիվ հոդվածներից ու ելույթներից կատարված քաղվածքներով:
Մնում է հասկանալ, թե այսքանից հետո ի՞նչ է փոխվել, եւ ինչո՞ւ է այսօր Փաշինյանը համագործակցության կոչ անում ԲՀԿ-ին։
Վստահ ենք՝ որպես արհեստավարժ դեմագոգ, նա հազար ու մի փաստարկ կբերի իր այս դիրքորոշումն արդարացնելու համար։ Սակայն նա ինչ էլ անի, իր քայլի համար ինչպիսի արդարացում էլ ներկայացնի, պարտավոր է պատասխանել երկու պարզ հարցի.
— Այսօր նա հրաժարվո՞ւմ է տարիներ շարունակ ԲՀԿ-ին ներկայացրած իր մեղադրանքներից։
— Եթե չի հրաժարվում, ապա ի՞նչ բարոյական սկզբունքով է այդպիսի ծանրագույն մեղադրանքների արժանացած կուսակցությանը նման կարեւոր ու պատասխանատու հարցում համագործակցության առաջարկ անում։
Կասկածից վեր է, որ Փաշինյանն այստեղ էլ ամբոխավարական հնարավոր եւ անհնար դեմագոգիկ հնարքներով կփորձի բացատրել ու արդարացնել իր քայլը։ Բայց նորմալ դատող մարդկանց համար այդ ամենը ոչ միայն ազդեցություն չեն գործի, այլև միայն ծիծաղ կամ խղճահարություն կառաջացնեն։
Իսկ այս ամենի մեջ եւ այս ամենից հետո արձանագրելի միակ փաստը մնում է հետեւյալը. Ն. Փաշինյանը երկու ոտքով ընկել է իր իսկ լարած թակարդը, որից այլեւս իր ողջ կյանքում չի կարող դուրս գալ։
Եւ ընդհանրապես, նման բարոյական կերտվածքի տեր մարդը թող այսուհետեւ որեւէ մեկին բարոյականության դասեր չտա։
Խորեն Անտոնյան
‘