Ն. Փաշինյան — Ռ. Քոչարյան անհավատալի թվացող, բայց փաստացի տանդեմը

3020

«Տանդեմ» անգլերեն բառը քաղաքական խոսույթում ընկալվում է որպես «փոխշահավետ, պայմանավորված համագործակցություն»։ Բառարանային բացատրությունը տեխնիկական է. «միանման կառուցվածքների դասավորությունը նույն առանցքի վրա»: Եւ սա, կարծես, ավելի ճշգրիտ է արտահայտում դրված վերնագրի իմաստը, եթե «կառուցվածքների» փոխարեն անձեր նկատի ունենանք եւ իշխանությունը՝ «առանցք»։

Թվում է, այս խնդիրը կապ չունի այսօրվա առաջին պլան եկած թեմաների ու քաղաքական գործընթացների հետ։

Կապ ունի այնքանով, որ արդեն շատ վաղուց հենց սա է այն ՀԻՄՔԸ, որի անմիջական կամ միջնորդավորված հետեւանքներն են արհավիրքներն ու աղետները, որ առարկայացան 44-օրյա պատերազմով ու դեռ չեն ավարտվել, այլ սողացող ընթացքով շարունակվում եւ շարունակվելու են՝ քանի դեռ չի վերացել, չի չեզոքացվել այդ ՀԻՄՔԸ։ Նույնկերպ՝ այսօր առաջին պլանում եղած թեմաներն ու գործընթացներն էլ դրա հերթական ածանցյալներն են։

Կապ չունի նաեւ՝ այդ տանդեմն ստեղծվել է երկու շահառուների դեմ առ դեմ պայմանավորվածությա՞մբ, թե՞ հեռակա՝ երկուստեք, միմյանցից անկախ փոխադարձ կենսական շահի միասնությունը հասկանալով ու որպես փրկօղակ դրան փարվելով։

2018 թ. Ռ. Քոչարյանը վաղուց արդեն ոչ թե նույնիսկ քաղաքական լուսանցքում էր, այլ քաղաքական լուսանցքից էլ այն կողմ, պատկերավոր ասում են՝ «քաղաքական աղբանոցում»։ Նա պարզապես չկար։ Եւ ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարող է երբեւէ վերակենդանացման նշաններ ցույց տալ՝ նկատի ունենալով հասարակական այն համատարած, անմնացորդ ու չմաշվող ատելությունը, որ նա արժանիորեն վաստակել էր Հոկտեմբերի 27-ով, ավազակապետական համակարգի ստեղծմամբ, Մարտի 1-ով, անզուսպ թալանով…

Նրան մեկ-մեկուկես տարում վերակենդանացրեց ու քաղաքական կյանքի առանցքային գործոն դարձրեց Ն. Փաշինյանը։ Դա փաստ է՝ առարկայացած 2021 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Իսկ ինչպե՞ս էր դա հնարավոր անել։ Հրապարակավ նրան գովելո՞վ, օժանդակելո՞վ, գնահատելո՞վ, համագործակցելո՞վ, տեղ տալո՞վ, առաջ քաշելո՞վ։ Ակնհայտ է, չէ՞, որ այդկերպ հնարավոր չէր, որ այդ դեպքում ինքը՝ Փաշինյանն էլ  կհայտնվեր Քոչարյանի կողքին՝ քաղաքական լուսանցքից էլ այն կողմ։

Քոչարյանին հնարավոր էր քաղաքական ասպարեզ բերել միայն ճիշտ հակառակ ճանապարհով, եւ այդպես էլ արվեց։

Նրա  նկատմամբ  հասարակական համատարած ու անմնացորդ ատելությունը մի յուրատեսակ «կապիտալ» էր, որը կարելի էր ծառայեցնել նույն այդ հասարակությանը մանիպուլացնելով սեփական վարկանիշի բարձրացման, իշխանության պահպանման ու ամրապնդման համար, վերածել մի յուրատեսակ «անվտանգության բարձիկի»։ Թվում է շատ նուրբ ու բազմաքայլ հաշվա՞րկ, որ չէր կարող անել Փաշինյանը։ Ի տարբերություն պետության շահերի ելակետով քաղաքական հաշվարկի` այն, ինչ կապված է սեփական շահի հետ, նա կարողանում է հաշվել, տեսնել ու օգտագործել։

Հիշո՞ւմ եք՝ 2008 թվականից ի վեր չկար ավելի հնչեղ ու հասարակությանը հուզող թեմա, խնդիր, քան Մարտի 1-ի ոճրագործությունը։

Հիշո՞ւմ եք, որ նույն թվականի մարտիմեկյան սպանդից հետո հատկապես, Քոչարյանն էր այնպիսի համատարած ատելության առարկա, ինչպիսին, կարծես, չի եղել ոչ մեկը։ Այսինքն՝ այս երկուսի գումարումը ամենամեծ հասարակական հնչեղությունը կարող էր ստանալ։

Եւ Փաշինյանը այս երկուսը գումարեց ու հենց դրանից էլ սկսեց՝ Ռ. Քոչարյանի դեմ գործ հարուցեց ՀՀ սահմանադրական կարգը տապալելու (Մարտի 1) եւ, նույնքան հնչեղ, խոշորամասշտաբ կոռուպցիայի երկու ծանրագույն մեղադրանքներով։

Երկու մեղադրանքներն էլ, օբյեկտիվորեն, ճշգրիտ ու հիմնավոր էին։

Երկու մեղադրանքներն էլ, որպես կայացած փաստ, նաեւ ողջ հասարակության համոզմունքն ու պատկերացումն էին։

Ամբողջ երկու տարի այդ դատավարությունն էր ընթանում, իսկ հասարակությունը լարված սպասումների մեջ էր՝ Մարտի 1-ը բացահայտված եւ Քոչարյանի թալանածը ետ բերած տեսնելու ակնկալիքով։

Ցանկացած նախաձեռնություն ու գործընթաց գնահատվում են դրանց առարկայացած ԱՐԴՅՈՒՆՔՈՎ, այլ չափորոշիչ պարզապես գոյություն չունի։

Ի՞նչ եղավ այդ ամենի արդյունքը։

  1.  Քոչարյանն արդարացվեց Փաշինյանի իսկ «վերակազմած» Սահմանադրական դատարանի մակարդակով։ Դրանով փակվեց նաեւ (հուսանք՝ առայժմ) Մարտի 1-ը՝ չնայած մինչ այդ հավաքված ահռելի նյութի գոյությանը։ Հիմա գեթ ամիսը մեկ անգամ որեւէ մեկը (նկատի ունենք մամուլը եւ սոցցանցերը) հիշո՞ւմ է Մարտի 1-ի մասին…
  2. Նույնկերպ՝ որեւէ արդյունք չտվեց նաեւ կոռուպցիայի համար մեղադրանքը. Քոչարյանի թալանած միլիարդավոր դոլարներից քանի՞ դրամ ետ բերվեց…
  3. Հնչեղ այդ դատավարությունների շնորհիվ, սակայն, քաղաքական լուսանցքից էլ այն կողմ գտնվող Քոչարանը հայտնվեց քաղաքական կյանքի կենտրոնում եւ երկրորդ տեղն զբաղեցրեց 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Անգամ Դաշնակցության հետ դաշինքը չխանգարեց նրա այդ երբեւէ չերազած «թռիչքին»։ Այսինքն, իրոք, սա էր այն միակ ճանապարհը, որով կարելի էր նրան քաղաքական ասպարեզ բերել, դարձնել երկրորդ ուժ իշխանականից հետո։

Ստացվում է, որ Մարտի 1-ի գործի զոհաբերմա՛մբ է, ահա, որ Փաշինյանը վերակենդանացրեց ու քաղաքական ասպարեզ բերեց Ռ. Քոչարյանին։Եւ սա անհերքելի ու ակնհայտ փաստ է։

Նույնկերպ փակվեց նաեւ Քոչարանի տասնամյա ահռելի թալանի գործը. այսօր խոսվո՞ւմ է դրա մասին` ինչպես մինչ այդ։  Սա էլ նույնքան անհերքելի փաստ է։

Լավ, իսկ ի՞նչ ստացավ ինքը՝ Փաշինյանը.

  1. Ի դեմս քաղաքական ասպարեզ բերված Քոչարյանի` ստացավ հայ հանրության համար մի «գայլի մորթի»՝ իր իշխանության պահպանման մի յուրատեսակ «անվտանգության բարձիկ»։
  2. Դրա շնորհիվ է, որ նա փորձում է վերջնականապես մարսել 44-օրյա պատերազմի ավանտյուրան՝ իր բերած հազարավոր զոհերով, տասնյակ հազարավոր ճակատագրերի խեղմամբ, արհավիրքներով ու աղետներով։ Եւ դա՝ անգամ հանցավորության մասին իր իսկ տված ինքնախոստովանական ուղիղ ցուցմունքներից հետո։ Սա նույնպես, որքան էլ աներեւակայելի, բայց փաստ է։
  3. Նույն Քոչարանի վերադարձի սպառնալիքի ֆոնին է, որ նա, 44-օրյա պատերազմի հետեւանքների ահռելի բեռն ուսերին,  կարողացավ հաղթել 2021 թ. խորհրդարանական ընտրություններում։ Սա էլ, ավելի աներեւակայելի ու անպատկերացնելի, բայց կայացած փաստ է։

Քոչարյանական ամեն մի «շարժում», հրապարակային ակցիա, հանրահավաք՝  նոր կյանքի մի չափաբաժին է տալիս Փաշինյանին։

Ու դեռ այսօր էլ հասարակության զգալի մի մասի տագնապը այսպիսին է՝ «չլինի Փաշինյանը, գալու է Քոչարյանը»։

Ի սկզբանե՞ էր Փաշինյանը հաշվարկել Քոչարանին հասարակության համար «գայլի մորթի» դարձնելը, թե՞ նրա դատավարության ընթացքում, ինչ-որ պահի հասկացավ՝ արդեն կարեւոր չէ։

Կարեւոր չէ նաեւ, թե նրանց՝ անհաշտ թշնամական ներկայացող հակադրությունը այսօր էլ իրական «կենաց-մահու» կռի՞վ է, թե՞ թատերական ներկայացում։ Փաստն այն է, որ այդ տանդեմը երկուսի համար էլ կենսական է, եւ երկուսի գոյությունը՝ մեկը որպես իշխանություն, մյուսը՝ որպես հիմնական ընդդիմություն, չէին կարող լինել, եւ հիմա էլ  չեն կարող լինել` առանց միմյանց։ Ճիշտ նման նույն օրգաններով սնվող սիամական զույգի, երբ մահացու է նրանց անջատումը։ Դա շատ լավ գիտակցում  են երկուսն էլ։ Հատկանշական է, որ 2021 թ. նախընտրական շրջանում հենց Քոչարյանը մերժեց Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանից ազատվելու համար միասնաբար ընտրությունների գնալու առաջարկը (պայմանով, որ հաղթանակից հետո իրենցից որեւէ մեկը չի հավակնելու պետական պաշտոնի, եւ ստեղծվելու է ոչ թե կուսակցական, այլ արհեստավարժների կառավարություն)։ Քոչարյանը կտրուկ ընդդիմացավ, «հերոսաբար» գնաց առանձին եւ դրանով իսկ ապահովեց Փաշինյանի հաղթանակը։ Նա սարսափում է Փաշինյանից դուրս ուրիշ որեւէ իշխանությունից, եթե դա ինքը կամ իրենը չէ։

Իսկ կարեւորը վերը բերված ԱՐԴՅՈՒՆՔ-ՓԱՍՏԵՐՆ են՝ որպես անհերքելի ապացույց Փաշինյան-Քոչարյան անհավատալի թվացող, բայց փաստական տանդեմի, այն ՀԻՄՔԻ` առանց որի գիտակցման, առաջնային օրակարգ դարձնելու ու չեզոքացման` Հայաստանը շարունակելու է թավալգլոր գնալ նորանոր կորուստների եւ աղետների։ Եւ դա, ինչպես երեկ կապված էր, այսօր կապված է, այնպես էլ վաղը կապված է մնալու օրվա առաջին պլան եկած ու քննարկվող հիմնական թեմաներին ու քաղաքական գործընթացներին։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածը«Ինտերը» պարտվեց «Յուվենտուսին» (տեսանյութ)