‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1485

Անցած շաբաթվա ներքաղաքական իրադարձությունները ամփոփելու համար նախ համառոտ վերհիշենք նախորդ օրերին տեղի ունեցած մի քանի կարեւոր այն իրադարձությունները, որոնց զարգացումները՝ անցած այս յոթ օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքերի անբաժանելի մասն էին:

Փետրվարի 12-ին կայացավ ՀՀԿ Գերագուն մարմնի նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդես եկավ «ծրագրային» ելույթով, որն ամբողջովին նվիրված էր Գագիկ Ծառուկյանին եւ նրա քաղաքական գործունեությանը: Ըստ էության, բացահայտ սպառնալիքներով, անհիմն մեղադրանքներով եւ ապաքաղաքական լեզվով գրված այդ ելույթը ուղղիղ մարտահրավեր էր Հայաստանի ընդդիմադիր շարժմանը:
Հաջորդ օրը, փետրվարի 13-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի նիստում, Գագիկ Ծառուկյանը հանդես գալով պատասխան ելույթով, հստակ արձագանքեց ստեղծված իրավիճակին, համազգային մոբիլիզացիայի կոչ անելով: ԲՀԿ քաղխորհրդի նիստին անմիջապես հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի հանդիպումները՝ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը եւ որոշում կայացվեց փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար:
Փետրվարի 16-ին լուրեր ստացվեցին այն մասին, որ իշխանությունն սկսել է բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել ԲՀԿ անդամների նկատմամբ: Հայտնի էր դարձել, որ հատուկ ջոկատայինները հարձակում են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա, նրան պատկանող հյուրանոցային համալիրում  ստուգումներ են իրականացրել: Լուրեր տարածվեցին նաեւ, որ ձերբակալվել էր Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը, բերման էին ենթարկել նաեւ ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարին, Մարալիկի կառույցի մի քանի ակտիվիստների: Բռնաճնշումները շարունակվեցին նաեւ հաջորդ օրը: Աջափնյակ համայնքի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման էին ենթարկվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ։
Փետրվարի 17-ին հրապարակվեց ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն» վերնագրով հոդվածը, որտեղ զետեղված էր Տեր-Պետրոսյանի «Բաց նամակը Սերժ Սարգսյանին», որը գրվել էր օրեր առաջ եւ չէր հրապարակվել: Նախաբանում, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ նամակը հրապարակման էր ուղարկել դեռեւս փետրվարի 12-ին, բայց քանի որ նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես էր եկել Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, նա ետ էր կանչել այդ նյութը: Միեւնույն ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը համարելով, որ իրավունք չունի հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին, հասարակությանը ներկայացրեց այդ նամակի բնագիրը: Նամակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ մամուլի միջոցով իր մտահոգություններն էր արտահայտել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ, իսկ այժմ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, հանդես եկավ նաեւ գործնական առաջարկով՝ դեմ առ դեմ հանդիպել Սերժ սարգսյանի հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով, ինչպես նաեւ խորհրդակցական հանձնաժողով ձեւավորել, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը: Վերջում, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ նշել էր, որ այդ պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իր այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ կիրառված բռնաճնշումների վերաբերյալ փետրվարի 17-ին դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Հայ Ազգային Կոնգրեսը: Հայտարարության մեջ նշվում էր, որ փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հայ ազգային կոնգրեսը պահանջում էր վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։
Սակայն, հաջորդ օրը, փետրվարի 18-ին, հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում, որ այդպես շարունակվելու դեպքում չի շահելու ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը:
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԲՀԿ քաղխորհուրդը՝ Փետրվարի 20-ի համազգային հանրահավաք անցկացնելու որոշումը չեղյալ համարելու մասին:
Նույն օրը երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսը նույնպես հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը եւ հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ  նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման ու Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը եւ ժողովրդին հրավիրեց մարտի 1-ին, ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին:
Փետրվարի 19-ին,  հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Սրտիս պարտքը» վերնագրով հոդվածը, որտեղ ՀՀ Առաջին նախագահն ամփոփեց տեղի ունեցած իրադարձությունները, գնահատականներ տալով թե′ Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին տարիների անցած ճանապարհին, թե′ անձամբ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը: Անդրադարձ եղավ նաեւ կուսակցությունների համագործակցությանը, խոսք գնաց նաեւ թույլ տրված սխալների մասին: Վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշեց.
«Ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որեւէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։ Այնպես որ ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»։
Փետրվարի 20-ին էլ Սերժ Սարգսյանը պատասխանեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածին: Նամակում Սարգսյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին՝ գրել էր, թե  հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով, եւ որ «թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ»: Ապա Սարգսյանը շարունակել է, թե եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: «Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»,- գրել էր Սարգսյանը:
Հաջորդ օրը Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի պատասխան նամակին: Հայտարարության մեջ նշվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում:

Նախորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Մալագա»՝ 0-1․ Կատալոնացիները պարտվեցին սեփական հարկի տակ(տեսանյութ)’