‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում ‘

1178

Անցնող շաբաթ քաղաքական իրադարձություններից ուշադրության կիզակետում էր Ազգային ժողովը, որտեղ երկուշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, մեկնարկեցին Ազգային ժողովի 5-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: Քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերից և միջազգային պայմանագրերից, թերևս, ամենանշանակալին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրն էր, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ՝ 2015թ. պետական բյուջեի նախագիծը: Սակայն քառօրյայի առաջին օրը քննարկվեց ընդդիմադիր պատգամավորների՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրինագիծը: Չնայած ոչ իշխանական ուժերի բերած բազմաթիվ հիմնավոր փաստարկներին, թե ինչո՞ւ է պետք փոխել ընտրական օրենսգիրքը, այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնությունը, արդեն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Եվ այսպես, դեկտեմբերի 2-ին և 3-ին, ի թիվս այլ հարցերի, մեր հասարակությունը ուշի-ուշով հետևում էր ԱԺ-ում ընթացող՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի քննարկումներին: Նույն օրերին թե՛ մամուլում և թե՛ հասարակության մեջ, շրջանառում էր մեկ հարց՝ ինչպե՞ս են քվեարկելու քաղաքական ուժերը: Այս առիթով հրապարակախոսությունների պակաս չեղավ, և հարկ ենք համարում հղումներ կատարել մեր կայքում տեղ գտած մի շարք հոդվածների (Արման Մուսինյան. ԵՏՄ. ճիշտ որոշում կայացնելու հրամայականը, Հրանտ Տեր-Աբրահամյան. ԵՏՄ-ի շուրջ քվեարկություն. կողմ, դեմ, ձեռնպահ)՝ ևս մեկ անգամ ընթերցողի ուշադրությանը ներկայացնելով քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «Հայ ազգային կոնգրեսի» դիրքորոշումը և փաստարկները տվյալ հարցի կապակցությամբ:

 Դեկտեմբերի 4-ի Աժ նիստի սկզբում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա ժամը 17-00-ին, իսկ մինչ այդ քաղաքական կուսակցությունները ամփոփիչ ելույթներում հայտարարեցին իրենց դիրքորոշումը:
 Այսպես՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու՝ հիմնավորելով, որ սա միայն տնտեսական ինտեգրման գործընթաց չէ, ընդհակառակը՝ սա բացարձակ քաղաքակա՛ն հարց է։ «Մենք մանևրի դաշտը փակում ենք այսպիսով։ Մենք դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ  խելամիտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է պատուհան դառնալ ԵՏՄ–ի և ԵՄ-ի միջև։ «ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու»,-հայտարարել է Հ. Բիշարյանը։
ՀՅԴ-ն ևս կողմ էր ԵՏՄ-ին միանալուն։ Այդ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ բոլոր տեսակի լիրիկական զեղումների և ուրիշներին դասեր տալու ժամանակը չէ։
ԲՀԿ խմբակցության անունից Տ. Ուրիխանյանը ներկայացրեց իրենց տեսակետը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի վերաբերյալ՝ նշելով, որ քննարկվում է մի հարց, որն ըստ էության լուծված է:
«Պետք չէ ինքներս մեզ խաբենք, թե՝ Եվրոպան մեզ հասկացավ, կամ Ռուսաստանը ոչինչ չէր նկատում:
Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Պուտինի, ինչու չէ՝ թե՛ Նազարբաևի հետ արժանապատիվ բանակցելու հնարավորությունները: Բայց դրա համար պետք է, որ երկրում վերացվի քաղաքական մենաշնորհը:
Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար»,- իր ելույթում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:
Թե ինչո՞ւ Կոնգրես խմբակցությունը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին, իր ելույթում, մանրամասն և հանգամանալից ներկայացրեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն։ Նման դեպքերում Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, որը հավակնում է և պատրաստ է ստանձնելու երկրի կառավարումը, անկախ այն հանգամանքից, որ պայմանագրի վավերացումը սույն Ազգային ժողովում որևէ կասկած չի հարուցում, պարտավոր է հայտնել իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, թե Հայաստանի համար ի՞նչն ենք մենք ճիշտ համարում։ Ըստ այդմ, դիրքորոշումը ներկայացնելիս մենք պետք է այն ձևակերպենք հետևյալ կերպ. ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք։
Եւ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու և նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն՝ կորցնելով Արևմուտքի վստահությունը և Ռուսաստանի հարգանքը:
Եւ մենք վստահ ենք, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման՝ շարունակելով վստահելի դաշնակցի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ՝ պահպանելով Եվրաասոցացման պայմանագրի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մասի արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ, կամ առնվազն նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները», — ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա այնուհետև նկատեց, որ Հայաստանի որոշելիքը ոչ թե ընտրություն է երկու արժեհամակարգերի միջև և ոչ էլ անգամ երկու տնտեսական համակարգերի, այլ, իրականում, ԵՏՄ-ին անդամագրվել կամ չանդամագրվելը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է՝ քաղաքական երկու գործընթացների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակորեն կանխատեսելի և խորը հետևանքներ մեր երկրի անվտանգության համար։

«Ղարաբաղյան չլուծված խնդիրը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի սանձազերծման մշտապես առկա, իսկ վերջին տարիներին՝ նաև ավելի իրական դարձած վտանգը՝ նույն այդ երկրների կողմից իրականացվող շրջափակման պայմաններում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական այլ հակամարտություններն ու զարգացումները  ստեղծել են Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգավոր իրավիճակ։ Ակնհայտ է, որ Հայաստանը այս մարտահրավերներին դիմակայելու համար  պետք է շարունակի մաս կազմել 1990-ների հայ-ռուսական մի քանի պայմանագրերի հիման վրա ստեղծված  անվտագության համակարգին (այդ պայմանագրերն են՝ 1992 թ.` ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանության, 1995 թ.` ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի  ստեղծման, 1995 թ.` Հայաստանում ռուսական ռազմական բազայի ստեղծման, և 1997 թ.` Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը)։ Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում անվտանգության այս համակարգին որևէ այլընտրանք չկա, ինչը ընդունվում է տարածաշրջանով զբաղվող բոլոր, այդ թվում նաև` արևմտյան փորձագետների և դիվանագետների կողմից: Հայաստանին ոչ ոք ՆԱՏՕ-ում չի սպասում: Բացի այդ, Արևմուտքը, Հարավային Կովկասում չունենալով ռազմական միջամտության որևէ հնարավորություն, տեսանելի ապագայում չի կարող անվտանգության երաշխավորի դեր ստանձնել ոչ՛ Հայաստանի և Ղարաբաղի և ոչ՛էլ տարածաշրջանի համար»,- ասաց նա:
 Նա նշեց, որ  այսօրվա ստեղծված իրողություններում հնարավոր չէ  միաժամանակ Ռուսաստանի հետ լինել անվտանգության մի համակարգում, և Արևմուտքի հետ` մեկ այլ՝ տնտեսական համակարգում, ինչպես նաև, որ որոշումը կայացնելիս աչքի առաջ պետք է ունենալ նաև այն, ինչ կատարվեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Կոնգրեսի գնահատականներով՝ ԵՏՄ-ի անդամակցությունը զուտ տնտեսական առումով ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, ընդ որում՝ ձեռքբերումների և կորուստների բալանսը բավական դժվար է հաշվարկել:
 «Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցությունում, Վերակազմավորյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունում և ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից, լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Ելույթի վերջում Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ ԵՏՄ-ի անդամակցությունը առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման խնդիրը, որն առանց այդ էլ Հայաստանի օրակարգում գլխավոր խնդիրն է:
 «Ինչպես ցանկացած միջազգային կազմակերպությունում, ԵՏՄ-ում ևս Հայաստանին սպասում է ծանր պայքար սեփական շահերի համար, մի գործ, որն իր վրա կարող է վերցնել միայն ժողովրդի վստահությունը վայելող և համարձակ իշխանությունը:
 Նույն համարձակությունը պահանջվում է նաև Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ անկաշկանդ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման համար», հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում կնքված պայմանագիրը: Որոշմանը կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 7-ը: Հայաստանը ԵՏՄ-ին վերջնականապես կանդամակցի ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների կողմից Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու դեպքում: 

Ազգային ժողովի մեծամասնությունը հաստատեց նաև Կառավարության ներկայացրած՝ 2015-ի պետական բյուջեի նախագիծը: Քվեարկությանը մասնակցած 115 պատգամավորներից 71-ը կողմ քվեարկեցին բյուջեին, 46-ը՝ դեմ: Դեմ քվեարկեցին ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅ Դաշնակցություն և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:

Նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց էին անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նաիրիտցիների բողոքի պատճառ էր դարձել այն, որ թեև շաբաթներ առաջ կառավարությունը խոստացել էր մինչև տարեվերջ վճարել աշխատավարձային գծով բոլոր պարտքերը, սակայն դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատակիցներին պաշտոնապես տեղեկացվել էր, որ պարտքերը մինչև տարեվերջ մարելու «իրավական հիմքեր չկան»:  Բացի դրանից, «Նաիրիտում» բազմաթիվ կրճատումներ են սպասվում:
Չնայած նրան, որ ամբողջ շաբաթ մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելու պատճառով ինքնիշխանությունը կորցնելու հուզական հրապարակումներով և կոչերով, այդուհանդերձ, քառօրյայի ընթացքում ԱԺ-ի մուտքի մոտ հավաքված մեկ-երկու տասնյակ քաղաքացիների բողոքի ակցիաներից բացի՝ որևէ զանգվածային միջոցառում այդպես էլ տեղի չունեցավ: Փոխարենը՝ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հավաք կազմակերպեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշելով, որ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշումը սկզբունքային է, Հովհաննիսյանն, այնուհանդերձ, ընդգծեց, որ եռյակի ներսում տարաձայնություններն անհաղթահարելի չեն: Նրա խոսքով՝ եռյակն աննախադեպ կառուցողական խորհրդարանական համագործակցություն է, որը պետք է շարունակվի և խորանա:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 1-ին, Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել էին բանաձև, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Բոլիվիան դարձավ 22-րդ երկիրը, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Կենտրոնական բանկի կողմից հրապարակած շաբաթական ամփոփ տվյալներից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում «արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար՝ 438.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար՝ 442.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով»:

Հիշեցնենք նաև, որ վաղը դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժի հիշատակման օրը:

Նախորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. «Բոլոր տեղերում ստիպված էի բացատրել, թե այդ ինչպես է եղել, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չի վճարում իր՝ մարզչի աշխատավարձը»’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է Չինաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը’