‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1149

Այս շաբաթ, ի թիվս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, մեր երկիրը թեւակոխեց Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանի» կայացման նոր շրջան: Երբ ամբողջ աշխարհը, 1950 թվականից սկսած դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, Հայաստանում այդ տոնին նախորդած եւ հաջորդած օրերին տեղի  ունեցան հարձակումներ քաղաքական եւ հասարակական գործիչների վրա:

Մինչ այդ՝ ներկայացնենք շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձությունները համառոտ:

Այսպես, երկուշաբթի, դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  հակառակորդը փորձել էր դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված  է հասցրել, և հակառակորդը  5-7 զոհ էր տվել: Նույն օրը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
 Երկուշաբթի, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեվ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը, ինչի համաձայն՝ Վ. Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին,  քան մոտ 261 միլիոն դրամը:
Երկուշաբթի, դեկտեմբերի 8-ին, կյանքից հեռացավ 55-ամյա գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:
Դեկտեմբերի 10-ին կայացավ Մարդու իրավունքների օրվան նվիրված ավանդական երթը, որը 2009 թվականից ի վեր անցկացնում է Հայ ազգային Կոնգրեսը: Այս տարի երթ-հանրահավաքը կազմակերպել էր խորհրդարանական Եռյակը:
Դեկտեմբերի 10-ին, ՌԴ պետդուման վավերացրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը: Նշենք, որ քվերակությանը մասնակցած 442 պատգամավորներից մեկը դեմ է քվեարկել: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ կդառնա, երբ Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները նույնպես վավերացնեն Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը:
Հայաստանի ԵՏՄ անդամակցության ֆոնին, դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ առաջիկա հունվարի մեկից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով: Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետի համաձայն` «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կոնգրեսի մամուլի ծառայության փոխանցմամբ, շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը` հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական ահաբեկչությունների` վերջերս ծայր առած ալիքին:

Ահա այս՝ ծայր առած քաղաքական ահաբեկչությունների ալիքի քրոնիկոնը ներկայացնում ենք ստորեւ.

Դեկտեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը հարձակման են ենթարկվել:
Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը: Նրանց ներկայացմամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ Լևոն Երանոսյանը իրենց «Գետափ» ռեստորանում ընթրելու է հրավիրել, որտեղ երկար-բարակ զրուցել էին տեղի ունեցող իրադարձություններից, պլաններից և այլնից: Հավանաբար Երանոսյանը, որը լավ հարաբերությունների մեջ է նշված ազատամարտիկների հետ, այդ ընթրիքի ժամանակ փորձել էր բարեկամական խորհուրդ տալ՝ հեռու նմալ քաղաքական գործընթացներից և չներքաշվել տեղի ունեցող քաղաքական խմորումների մեջ: Այդ ընթացքում նրանց սեղանին պարբերաբար մոտեցել ու հեռացել են ինչ-որ երիտասարդներ, որոնք արդեն դրսում մասնակից են եղել վիճաբանությանը: Ռեստորանից դուրս գալուց հետո, Մանվել Եղիազարյանի խոսքով, իրենց են մոտեցել 7-8 երիտասարդներ և խոսքուզրույցի բռնվել: Երիտասարդներն ասել են, թե «կողքի կուպեում» նստած են եղել և լսել են, որ ազատամարտիկները ուզում են իշխանափոխություն անեն, նախագահ փոխեն: Հետո ավելի է թեժացել վիճաբանությունը և, ազատամարտիկի ձևակերպմամբ, «մի երկու հատ տվել են իրար», ու հետո նրանք գնացել են իրենց ճամփով, ազատամարտիկները՝ իրենց:

Այս միջադեպին անդրադարձել էր Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ազատամարտիկները նստել, իրար հետ քեֆ են արել, հետո ինչ իրար հետ չեն կիսել ու ինչու են թերթերով հիմա խոսում, իմ համար զարմանալի է: Ինձ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ ազատամարտիկները դադարել  են միմյանց հետ խոսել:  Եթե հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Ուրիշ ժամանակ ասում են կռված տղերքը նամուս ու թասիբ ունեն, թասիբ ու նամուս ունեք, թերթերում իրար մի լափեք», – հայտարարել էր նա: 
Առավել հետաքրքրական է հենց Երանոսյանի արձագանքը. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ասել էր Լեւոն Երանոսյանը: 
 Դեկտեմբերի 10-ին, առավոտյան իր տան մոտ ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Ազատամարտիկի խոսքով` տնից դուրս գալուց անմիջապես հետո տեսել է, որ ինչ-որ մեքենայից դուրս են գալիս 5 դիմակավորված անձինք: Վայրկյաններ անց նրանք հարձակվել են ազատամարտիկի վրա և բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Սարգսյանը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ Սարգսյանի՝ ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: 
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20:10-ի սահմաններում, հարձակման է ենթարկվում Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Անհայտ անձը հարձակվել էր Մանուկյանի վրա` վերջինիս տան շքամուտքի մոտ։ Չդիմակավորված, գլխարկով  տղամարդը առանց որևէ խոսքի մեկ հարված էր հասցրել պատգամավորի դեմքին և դեպքի վայրից դիմել փախուստի: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել էր փորձաքննության։

Դեկտեմբերի 12-ին, հարձակում էր եղել Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց: Նախնական տեղեկությունների համաձայն, 2 հոգի զանգել էին Փիլիպոսյանի բջջային հեռախոսին եւ խնդրել դուրս գալ տնից: Երբ Փիլիպոսյանը դուրս էր եկել`այդ անձինք հարձակում են գործել նրա վրա` հասցնելով վնասվածքներ:   Փիլիպոսյանը հիշել էր, որ հարվածողները հարձակման ժամանակ հայտարարել են, թե «հիշո՞ւմ ես Լեռնանիստը»: Ավելի ուշ, ոստիկանության տարածած հայտարարության համաձայն հայտնաբերել էին հարձակում գործած անձիք, որոնք Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Պողոսյաններն են եղել: Ոստիկանության հաղորդագրության հետ ծանոթանալով` Կոնգրեսի վարչության անդամ Արամ Բարեղամյանը հիշել էր ոմն Ռոմանի, որին իրենք այս տարվա սեպտեմբերին` Համաժողովրդական շարժման Հրազդանում կայանալիք հանրահավաքի իրազեկումն իրականացնելու ժամանակ հանդիպել են Լեռնանիստ գյուղում: Բարեղամյանի խոսքով, երբ իրենք փորձել էին մտնել գյուղ, իրենց էր մոտեցել գյուղապետը, եւ հայտարարել, թե թույլ չի տալու իր տարածքում իրազեկում անցկացնել: Ընդդիմադիրները, այդուհանդերձ, իրազեկում են անցկացրել, սակայն, հանրահավաքից հետո` երկու օր շարունակ Փիլիպոսյանը սպառնալիքներով լի զանգեր էր ստացել ոմն Ռոմանից, ով հայտարարել էր, թե ինքը Լեռնանիստ գյուղի բնակիչ է: Արամ Բարեղամյանի կարծիքով՝ խոսքը նույն Ռոմանի մասին է:

Այս ամենին հաջորդեցին մի շարք դատապարտող հայտարարություններ:
Համատեղ հայտարարությամբ հանդես եկան Ազգային ժողովում Հայ ազգային Կոնգրես խմբակցության անդամ կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ ՎՍԴՀԿ-ն: ԱԺ «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնության դեպքերի ողջ պատասխանատվությունը տեսնելով օրվա իշխանությունների մեջ, նույնպես դատապարտական հայտարարություններ արեցին:
 ALDE-ի անդամ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակման լուրի կապակցությամբ անհանգստություն էր հայտնել ALDE-ի նախագահ սըր Գրեհամ Ուաթսոնը:
 Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման հետ կապված մանրամասները և Կոնգրեսի մոտեցումները՝ ինչպես Արամ Մանուկյանի դեմ կատարված, այնպես էլ վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ:

Եռաբլուրում, դեկտեմբերի 13-ին, ազատամարտիկների մեծ հավաք տեղի ունեցավ, որին մասնակցում էին մի քանի հարյուր ազատամարտիկներ:
Ազատամարտիկները նախ ծաղիկներ էին դրել զոհված ընկերների շիրիմին, ապա անցել քննարկումների: Հիշեցնենք, որ ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել էին իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները: 

Վերջում հավելենք, որ այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նկատողություն է հայտարարել: Ընդամենը:

Իսկ Կոնգրեսը այս ամենի վերաբերյալ տարածել է հայտարարություն, որը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրես. Սերժ Սարգսյանի վրա է ընկնում այս ահաբեկչական բոլոր ակտերի պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» խճճված կծիկի ծայրը կառավարության շենքում է’