‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1232

Շաբաթվա ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում էր դրամի արժեզրկումը, որն առաջին օրերին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվում էր համարյա ամեն ժամ, իսկ դելտեմբերի 19-ից սկսվեց հակառակ գործընթացը: Եթե չորեքշաբթի մեկ դոլարի վաճառքի փոխարժեքը բանկերում կազմում էր 550 դրամ, ապա հաջորդ օրն արդեն դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը կազմում է 499 դրամ: Շաբաթ օրը ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 437.58, վաճառքինը՝ 465.63 դրամ: Դրամի փոխարժեքի անկումը մթերային ապրանքների կտրուկ գնաճի պատճառ էր դարձել: Ընդ որում, թանկացել են ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ապրանքները: Տեղական արտադրության հյութերն ու ջրերը չէին թանկացել, անփոփոխ էր մնացել նաեւ տեղական արտադրության պահածոների գինը: Մինչեւ 20% բարձրացել էր տեղական արտադրության մսի եւ մսամթերքի, ինչպես նաեւ՝ հացամթերքի եւ շաքարավազի գինը:
Ընդդեմ թանկացումների, յուրօրինակ բողոքի ցույց անցկացրեցին Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտները, թանկացումների մեջ մեղադրելով իշխանություններին:
Նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում կրկին բարձրացան: Գների հերթական աճն արձանագրվեց դեկտեմբերի 16-ին Երևանի ավտոլցակայաններում: Արդյունքում` «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի գինն աճել է մինչև 540 դրամ 1 լ դիմաց, «Պրեմիում ԱԻ 95»-ի գինը կազմել է 520 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»-ը թանկացել է մինչև 500 դրամ, դիզելային վառելիքի գինն ավելացել է մինչև 500 դրամ 1 լ դիմաց, իսկ եվրադիզելը թանկացել է մինչև 530 դրամ: Գազալցակայաններում գազի թանկացման պատճառով տասնյակ երթուղայինի վարորդներ, չորեքշաբթի, դեկտեմբերի 17-ին հավաքվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում և հայտարարել գործադուլ: Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և քաղաքապետի խորհրդականը մի կերպ համոզել էին վարորդներին գիծ դուրս գալ: Սակայն հաջորդ օրը Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները համատարած գործադուլ սկսեցին: Նրանք բողոքում էին, որ չնայած գազալցակայաններում շեշտակի աճել է գազի գինը, բայց իրենց աշխատանքի պայմանները չեն փոխվում՝ գծատերերը չեն իջեցնում օրվա պլանը: Եթե նախորդ օրը վարորդների գործադուլի օջախը միայն մեկն էր, ապա հինգշաբթի, արդեն ահազանգեր էին ստացվում քաղաքի տարբեր մասերից:
Այս ամենի ֆոնին, դեկտեմբերի 17-ի կառավարության նիստում  Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները եւ շրջայց կատարեց Երեւանի մի շարք սուպերմարկետներով՝ գների տատանումը վերահսկելու եւ կարգավորելու նպատակով:

Երկուշաբթի, դեկտեմբերի 15-ին գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված էին 30 հարց, այդ թվում ֆինանսական  համաձայնագրեր, որոնցով մեր երկիրը պատրաստվում է հերթական բազմամիլիոնանոց վարկային պարտավորություններ վերցնել:ԱԺ բոլոր ոչ իշխանական խմբակցությունները պահանջեցին արտահերթ նիստ գումարել վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական բնույթի բռնություններին, մասնավորապես, ազատամարտիկների եւ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակումներին անդրադառնալու համար:ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն եւ ՕԵԿ խմբակցություններըառաջարկեցին ընդհատել նախապես հաստատված օրակարգով քննարկումները եւ քննարկել երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակը, այլապես, զգուշացրեցին արտահերթնստաշրջանը բոյկոտելու մասին:
Նիստը բոյկոտեցին, հետո դռնփակ քննարկումներ եղան, ոչ իշխանականները նույն օրը երեկոյան արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք իրականցրեցին, ներկայացրեցին հայտարարություն (https://www.ilur.am/news/view/38824.html), սակայն  ՀՀԿ–ն չհամաձայնեց ներկայացրած հայտարարության տեքստին, որտեղ նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջ կար։ Արտահերթը չկայացավ:
Երեքշաբթի, դեկտեմբերի 16-ին ԱԺ ընդդիմադիր չորս խմբակցությունները շարունակեցի արտահերթ նիստի բոյկոտը, պահանջելով անհապաղ իրագործել նախօրեին մշակված հայտարարության կետերի իրագործումը: Այնուհետեւ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, տեղի ունեցավ ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» դռնփակ աշխատանքային հանդիպումը։ Դրան մասնակցում էր նաև ՕԵԿ–ը: Դրան հաջորդեց մամլո ասուլիսը: Իսկ Ազգային ժողովի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները ընդունեցին երկու խմբակցությունների պատրաստած համատեղ հայտարարության տեքստը, որով գնահատական էր տրվում վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ բռնարարքներին: ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Դեկտեմբերի 17-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ 4 ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտահերթ նիստ, որտեղ քննարկվեց արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: ՀՀԿ-ի առաջարկով նիստն ընթացավ փակ ռեժիմով:

Միջազգային լրահոսից ուշադրության էր արժանի Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը: Ընդհանուր առմամբ՝ 3 ժամ 10 րոպե տևած ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատասխանել էր 53 հարցի, որոնք տրվել են ռուսաստանցի և արտասահմանյան 38 լրագրողների կողմից:
Դեկտեմբերի 19-ին, Բելառուսի խորհրդարանը հավանության  արժանացրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, այսպիսով Հայաստանը 2015 թ. հունվարի 1-ից դարձավ ԵԱՏՄ լիիրավ անդամ: Դեկտեմբերի 18-ին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել էր Ղազախստանը:

Ի դեպ,Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը, պայմանագիրը իրենց երկրի խորհրդարանում ներկայացնելու ժամանակ նշել էր, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը չի մտնի այդ միություն: Փոխնախարարի խոսքով՝ պայմանագրին կցվել է նոտա՝ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մասը, ինչի վերաբերյալ հայկական կողմը պաշտոնական բանավոր հայտարարություն էր արել, այսինքն՝ համաձայնել էր: Դրան անմիջապես հետեւել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքը, որ դեռ ամիսներ առաջ Շավարշ Քոչարյանը պարզաբանում տվել էր եւ ներկայացրել հայկական կողմի տեսակետը ԼՂՀ հարցի վերաբերյալ, այն է՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս: Խնդիրն այն էր, որ պայմանագրում վերոհիշյալ կետի առկայության մասին, որպես նախապայման, խոսվեց ԵՏՄ անդամակցության ըստ էության վերջին փուլում եւ այն էլ՝ հատուկ շեշտադրումով, որ Հայաստանը պաշտոնական բանավոր համաձայնություն էր տվել Ղարաբաղի՝ ԵՏՄ տարածքից դուրս մնալուն: Առավելեւս, որ նման շեշտադրումով փաստի մասին տեղեկացանք ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ օտար պետության ներկայացուցիչներից:

Երկուշաբթի, դեկտեմբերի 15-ին, տեղի էր ունեցել «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստ, որտեղ ազատմարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը և Մանվել Եղիազարյանը բացահայտել են վերջերս իրենց հետ տեղի ունեցած հարձակմանը նախորդած դեպքերի մանրամասները: «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Լեռնիկ Մաղաքյանը պատմեց, որ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին, Լյովա Երանոսյանի հետ հանդիպման ժամանակ, վերջինս պարզ հասկացրել է, որ այդ քայլով իշխանությունները զգուշացնում են իրենց, որ կամ պետք է գնաք էստեղից, կամ էլ՝ չեք ապրի: Վերջին շրջանի բռնությունների դատապարտման հարցում ոչ միայն գործնական քայլեր չձեռնարկվեցին, այլ ավելին՝ երկուշաբթի հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կասկածանքով բերման ենթարկված, մաքսանենգության համար նախկինում դատապարտված Արշակ Սվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական կոմիտեն մի հայտարարություն էր տարածել, որտեղ փորձել էր արդարացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակված անձի՝ ստորագրությամբ ազատ արձակելը: Պարզվում է, որ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար անհրաժեշտ կլինի, ուշադրություն՝ երեք շաբաթ, ու քանի որ մինչ այժմ Ա. Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում, հետևաբար՝ մինչև այդ երեք շաբաթն անցնի, համարվելու է, որ Սվազյանը հասցրել է թեթև մարմնական վնասվածք, ու քանի որ վնասվածքը թեթև է, Սվազյանը ազատ է արձակվել:
Ուրբաթ օրը, արդեն տեղեկացանք, որ իր տան մոտ հարձակման ենթարկված եւ ապա հիվանդանոց տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Նա բժիշկների հսկողության տակ բուժումը կշարունակի տանը: 

Ի դեպ, շաբաթվա սկզբին մի խումբ քաղաքացիներ բռնությունների դեմ երթ էին կազմակերպել, որը մեկնարկել էր ոստիկանության շենքի մոտից:

Նախորդ հոդվածը‘Կաստրոյի զարմուհին բացառում է Կուբայի վերադարձը կապիտալիզմին’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում ութ երեխաների սպանության մեջ կասկածվում է վերջիններիս մայրը’