‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1031

Նախորդ շաբաթվա ամփոփումն իր մեջ չհասցրեց ներառել հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպը, ուստի՝ հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ, Հիմնադիր խորհրդարանի անդամները դեպի ԼՂՀ մեծ ավտոերթ էին կազմակերպել, սակայն Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել էին ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի էին ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Տեղի ունեցածին հաջորդեցին տարատեսակ արձագանքներ հանրության մեջ, ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, իրենց հերթին, սեփական անմեղսունակությունը փորձեցին ապացուցել ամեն գնով, իսկ իշխանությունների անօրինական գործողությունները դատապարտեցին շատ քիչ թվով քաղաքական ուժեր:
Փետրվարի 2-ին, երկուշաբթի, մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի հինգերորդ գումարման յոթներորդ նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 150 օրինագիծ եւ 36 միջազգային պայմանագիր:Խորհրդարանական ընդդիմությունը առաջին նիստին արտահերթ կարգով ներկայացրեց Շրջանառության  հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ընդդիմությունը արտահերթ կարգով ցանկացավ ներկայացնել նաեւ ՀՀ-ում Կառավարական ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը: Սակայն քաղաքական մեծամասնությունը, խախտելով Կանոնակարգ օրենքը անհետաձգելի չճանաչված մի շարք հարցերին առաջնություն տալով, խափանեց ընդդիմության օրակարգը: Նստաշրջանի առաջին օրում, չհաջողվեց նաեւ ձեւավորել նոր հաշվիչ հանձնաժողով, քանի որ ՀՀԿ-ն որեւէ կերպ չէր ցանկանում զիջումների գնալ եւ հրաժարվել հանձնաժողովում մեծամասնություն ունենալուց: Հաջորդ օրը, փետրվարի 3-ին Աժ ընդունեց Բյուջետային գրասենյակի ստեղծման մասին օրինագիծը, ինչը Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությամբ՝ բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին, եւ այդ օրինագծի ընդունումը՝ հակասահմանադրական է: Այնուհետեւ, քննարկվեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ժամանակ ձգելը՝ լուծում չէ, նկատի ունենալով ՀՀԿ-ի՝ մինչեւ հուլիս օրենքի դրույթների կիրառման հետաձգման առաջարկը: Տիկին Զոհրաբյանը հատուկ շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ովքեր են այն խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները: Նույն հարցի վերաբերյալ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ խոշոր բիզնեսների համար հստակ օրենքների առկայության եւ քաղաքական կամք դրսեւորելու պարագայում ընդհանրապես կարիք չէր լինի ՓՄՁ-ների հետեւից ընկնելու: «Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա ճնշումներով»,- հայտարարեց նա: 
Արդեն փետրվարի 4-ին, Ազգային ժողովը կողմ՝ 75, դեմ՝ 1 եւ ձեռնպահ՝ 40 ձայներով ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը: Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին օրենքի նախագծին:  Կողմ քվեարկեցին միայն ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունները:
Ինչպես արդեն նշեցինք ՀՀԿ-ին չէր հաջողվել միայնակ ձեւավորել ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց հանձնաժողովի ձևավորմանը, իսկ փետրվարի 4-ին, Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգը, համաձայն որի վերջինիս կազմում լինելու է 12 անդամ՝ 6-ը ՀՀԿ, 2-ը ԲՀԿ խմբակցություններից, իսկ մնացած խմբակցությունները կունենան մեկական ներկայացուցիչ: Հաջորդ քննարկումը ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր, սակայն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն՝ զեկույցը ներկայացնում էր պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը: Այս կապակցությամբ ոչ իշխանական խմբակցությունները իրենց դժգոհությունը ներկայցրեցին, մասնավորապես նշելով, որ նախեւառաջ օրենքը թույլ չի տալիս Վերահսկիչ պալատի խորհրդի անդամին ներկայացնել հաշվետվությունը նախագահի փոխարեն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ 2011-ի եւ 2012-ի ՎՊ հաշվետվությունները մեծ ցնցում էին առաջացրել, բացահայտել էին պետական միջոցների խայտառակ չարաշահումներ, որից հետո Սերժ Սարգսյանը Իշխան Զաքարյանին հրապարակավ, հեռուստատեսությամբ նախատել էր եւ ելնելով դրանից նշեց. «Մենք բոլոր հիմքերը ունենք կասկածելու, որ Իշխան Զաքարյանին արգելված է գալ Ազգային ժողով, շփվել խմբակցությունների հետ, լիագումար նիստում որեւէ բան ներկայացնել, ինչը Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում է»: Նույն մտահոգությունը հայտնեցին նաեւ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշել էր, որ Իշխան Զաքարյանը արձակուրդի մեջ է: Ի վերջո, քանի որ Ազգային ժողովի փետրվարի 4-ի լիագումար նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել էր պալատի խորհրդի անդամը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտում է, ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես եւ Օրինաց Երկիր խմբակցությունները հրաժարվեցին հարցի բովանդակային քննարկմանը մասնակցելուց և հայտարարեցին, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չի կարող համարվել ներկայացված եւ քննարկված:
Փետրվարի 5-ին ԱԺ-ն ավարտեց քառօրյա աշխատանքները: Այդ օրը քննարկվեց 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Քառօրյայի վերջին կարեւոր քննարկված հարցը Շահութահարկի մասին օրենքի նախագիծն էր, որով կառավարությունը առաջարկում է բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:
Այս օրենքի քննարկումների շրջանակում ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս օրենքի ընդունումից հետո, արտահանողները կբաժանվեն երկու կատեգորիայի: «Մեկը՝  կառավարության հավանությունը ստացած արտահանողներն են, մյուսը՝ հասարակ մահկանացու արտահանողներն են: Մի կատեգորիան աշխատելու է 2 տոկոս դրույքաչափով, մյուսը ՝ 20 տոկոսի»,- ասաց նա: Որպես առաջին հետեւանք՝ Զուրաբյանը նշեց այն, որ օրենքը վնասելու է փոքր եւ միջին ձեռնարկատերերին: Անդրադառնալով կառավարության խոստացած երաշխիքներին, որ կապահովեն ազատ եւ արդար մրցակցությունը, Զուրաբյանը ասաց. «Ո՞նց եք կանխարգելելու, եթե Սերժ Սարգսյանը զանգի իր եղբոր համար եւ ձեզ ասի, որ «այսպես» է լինելու: Ընդամենը ասի, որ այսինչ ընկերությունը պետք է արժանա կառավարության հավանությանը: Հրաժարվելո՞ւ եք»,- հարցրեց նա: Ամփոփելով իր ելույթը, նա առաջարկեց հանել 1, 2, 3 կետերը, հակառակ դեպքում այդ հակաշուկայական օրենքը ուղղակի չի կարելի ընդունել:

Նույն փետրվարի 5-ին, կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը: Անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նծեց, որ առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում:
«Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ»,- իր ելույթում, մասնավորապես նշեց ԲՀԿ նախագահը:
Նա հայտարարեց նաեւ, որ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Անցնող շաբաթվա այլ իրադարձություններից առանձնացնենք մի քանիսը:
Փետրվարի 2-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը:
Դեռեւս հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողին սպանելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել նույն զորամասի 4 զինծառայողների, որոնք կալանավորվել էին: Միջադեպի հետ կապված՝ Սերժ Սարգսյանի հրամանով, փետրվարի 2-ին ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը ազատվել էր աշխատանքից: Փետրվարի 6-ին, կրկին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ նշանակվեց գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Նշենք, որ մինչ այդ Ղահրամյանը զբաղեցնում էր ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալի պաշտոնը:
Փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Նաիրիտի վերաբերյալ նշենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 2-ին հանդիպել էր գործարանի աշխատակիցների հետ: Արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու մասին:

Մեկ ուշագրավ իրադարձություն էլ տեղի ունեցավ Գյումրիում հունվարի 15-ի դեպքերի հետ կապված: Փետրվարի 4-ին, հունվարի 15-ի Գյումրու բախումների քրեական գործով ձերբակալել էին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանին (1993.թ) եւ տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ: Որպես երիտասարդի ձերբակալության իրավական հիմքեր նշվում են իբրեւ հասարակական կարգ խախտելը, մարդկանց հանգիստը խանգարելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը: Արդյունքում, երկու օր անց Մնացական Ալեքսանյանը՝ ձերբակալման հիմքերը բացակայելու պատճառով:

Անցնող շաբաթ հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվեց լարվածությունը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հաղորդում  է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  ավելի քան 17000 կրակոց: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել  վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:
Հիշեցնեք նաեւ, որ փետրվարի 4-ին Ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից Տավուշի մարզի Մովսես գյուղում վիրավորվել էր 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը, իսկ փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն էր սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով զոհվել էր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը:
Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը, ով Բակո Սահակյանի փետրվարի 6-ի հրամանագրով` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պարգեւատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Նախորդ հոդվածը‘ՍԴ անդամի որդին նշանակվել է Շենգավիթի դատարանի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ‪‎ԵԱՀԿ‬ գլխավոր քարտուղարին’