‘Շաբաթվա համառոտ ամփոփում’

985

Շաբաթը սկսվեց ռուսական «Առաջին» ալիքի հայտնած սկանդալային նորություններով, ըստ որի Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ցանկությունը մոտ ապագայում այդպես էլ կմնա ցանկություն՝ Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով: 

Երկուշաբթի Վրաստանի Կենտրոնական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն երկրի նախագահ է ընտրվել «Վրացական երազանք» կառավարվող կոալիցիայից նախագահի թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀԱՕԿ-ն չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները և սկսում է վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից:  

Հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքի լսումների ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է,  որ 2014 թվականին,  վերջին տարիներին առաջին անգամ, Հայաստանում չի նախատեսվում հարկային օրենսդրության փոփոխություն:

Երեքշաբթի օրը մեկնարկեց Արարատ քաղաքի համայնքի ղեկավարների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 8-ին:

Գիշերը մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա՝ կոտրելով դպրոցի պատուհանի ապակին:

«Հրաչ Մուրադյան — արդարության պահանջ» հասարակական շարժման անդամները՝ ՀՅԴ-ի հետ համատեղ, հոկտեմբերի 29-ին երթով շարժվել են դեպի նախագահական, որտեղ նամակ են փոխանցել Սերժ Սարգսյանին: Մասնակիցների պահանջը Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումն էր: 

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը: 

Հոկտեմբերի 30-ին iLur.am-ում տպագրվել է ՀՀ հիմնադիր նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը: Այն կարող եք ընթերցել այստեղ

Սպորտի և երիտասարդության նախարար, ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանը մեկնաբանել է հայ-իրանական սահմանում թմրանյութեր փոխադրելու կասկածանքով ձերբակալված իր որդուն առնչվող աղմկահարույց պատմությունը: «Ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա»,- հայտնել է նախարարը: 

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Գորիսի միջադեպի գործով մոտ 2500 թերթից իրեն նախաքննական մարմինը տրամադրել է ընդամենը 210 էջը: Չնայած այն բանին, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներում է տարածվում, նրա պաշտպանը մտադիր է գործը դատարան հասցնել: 

Ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Բարեբախտաբար, այդ ճանապարհով երթեւեկող մեքենաները եւ ուղեւորները չեն տուժել:  

Հինգշաբթի օրը մի քանի քաղաքացիներ փորձել են ներկա գտնվել ավագանու հերթական բաց նիստին, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ ոստիկանների կողմից քաղաքապետարանի մուտքը փակվել է: Ավելին, երկու քաղաքացիներ, որոնցից մեկը ֆոտոլրագրող Դվին Իսանյանսն է, բերման են ենթարկվել բաժին, այն բանի համար, որ փորձում էին ներս մտնել քաղաքապետարանի շենք:  

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: 

Հոկտեմբերի 31-ին Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ երեք ակտիվիստների: 

Նոյեմբերի 1-ին Ժամը 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել  մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ` սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել փախուստի: Դեպքի կապակցությամբ ՀԱԿ-ը տարածել է պաշտոնական հայտարարություն: 

Ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները ուրբաթ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։

Հանրային խորհրդում քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) հնարավոր քանդման հարցը: Օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ օդանավակայանի նոր ուղեւորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես, «բաց երկնքի» քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի:

Շաբաթ օրը ոստիկանության կողմից հայտնաբերվել է ուրբաթ կեսօրին «Հայ ազգային կոնգրեսի» գրասենյակ ներխուժած և սպանության սպառնալիքներ հնչեցրած անձին, ով Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Ա. Օհանյանն է: Օհանյանը ոստիկանությունում խոստովանական բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: 

Առավոտյան 10:35-ի դրությամբ, Հայաստանում տեղի է ունեցել էներգետիկ համակարգի խափանում, ինչի հետևանքով դադարեցվել էին Երեւանի Մետրոպոլիտենի աշխատանքները: 

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Կոմիտաս 5ա,3 և 7 շենքերի բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և արգելել է «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձերը: 

Այսքանն էին շաբաթվա հիմնական իրադարձությունները. սպասենք հաջորդին: 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկները հանդիպել էին կուսակցությունների ներկայացուցիչներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մուսինյան. Հավելյալ փաստական հանգամանքների ճշգրտումից հետո Կոնգրեսը կտա իր վերջնական գնահատականը’