‘Շաբաթվա համառոտ ամփոփում’

865

Անցնող շաբաթը հագեցած էր ամենատարբեր իրադարձություններով:

Այն սկսվեց տխուր լուրով. Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով անօթևան մնացին 25 քաղաքացի: Դեպքը տեղի է ունեցել էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:

ՀՀ վարչական դատարանում երեք առանձին վարույթների շրջանակում նոյեմբերի 25-ին քննվեցին  ընդդիմադիր գործիչների  դեմ  ՀՀ ոստիկանության հայցերը: Բոլոր երեք դեպքերում էլ ոստիկանության պահանջը նույնն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական պատասխանատվության ենթարկել:  

Երեքշաբթի օրը, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց կանանց երթ դեպի նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Երթին մասնակցում էին նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց զոհված որդիների նկարներով: 

Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և ընդդիամադիր քաղաքական-հասարակական կազմակերպությունները: 

Եւս մի կրեատիվ ակցիա են անցկացրել «Հակահարված» արտ-խմբի անդամներ Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը, ովքեր Ազգային ժողովի դիմացի փողոցը փակել են «xeржик суй» մակագրությամբ պաստառով:

Սկանդալային հայտարարություն է արել Յուրի Վարդանյանի որդին, ով իր ցուցմունքում նշել է, որ թմրանյութը նախատեսված է եղել Սերժ Սարգսյանի և իր ընտանիքի համար: 
Հայտարարությանը արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը:

Նոյեմբերի 27-ին մի խումբ ծրագրավորողներ Ազգային ժողովի դիմաց յուրօրինակ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ հունվարի 1-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի: Նրանք իրենց համակարգիչների մկնիկները քարշ տալով տարել և գցել են ԱԺ-ի դարպասների մոտ: 

Ի տարբերություն Երեւանի` Ստեփանակերտի իշխանությունները որոշել են բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը, սակայն 20%-ով ավելի քիչ: 

Հինգշաբթի օրը Երեւանի Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկայի ոսկերիչներն ու վաճառողներն գործադուլ են հայտարարել, որի պատճառը էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տեսչության, գործադուլավորների խոսքով՝ անօրինական գործողություններն են: 

ALDE կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող «Հայ  ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մասնակցել են ALDE-ի խորհրդի հանդիպմանը: Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ALDE կուսակցության նախագահ սըր Գրահամ Ուաթսոնի, Գերմանիայի եվրոպական հարաբերությունների հարցով պետնախարար Մայքլ Լինքի եւ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն, սակայն Հայաստանի մասին խոսք անգամ չի եղել գագաթնաժողովը լուսաբանող` միջազգային լրատվամիջոցների ռեպորտաժներում, իսկ ԵՄ առաջնորդներն իրենց ելույթներում Հայաստանի անունը չեն հիշատակել:

Լիտվայում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» բիզնես ֆորումում`նա ասել է, թե  Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային Միությանը անդամակցելու կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հետ կապված ռիսկերը:

Հայ ազգային կոնգրես կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Կառավարությությունը դեռեւս գրավոր պատասխան չի ներկայացրել նոյեմբերի 5-ին ուղարկված հարցապնդմանը: 

Լրագրողների հետ հանդիպել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով նշել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդի վիճակը նորմալ է` միաժամանակ ընդգծելով, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և անօրինական: 

Երևանի 71 դպրոցի 6բ դասարանում սովորող երեխաների ծնողները դասադուլ են հայտարարել և արդեն մի քանի օր է՝ երեխաներին թույլ չեն տալիս հաճախել դպրոց: Պատճառը, ծնողների ասելով, այն է, որ դասարանի նորեկ Հարությունը ծեծում և ահաբեկում է մյուս երեխաներին:

Նոյեմբերի 29-ի երեկոյան Կիևի գլխավոր հրապարակում հավաքված՝ եվրաինտեգրման հազարավոր կողմնակիցներ պահանջել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը, սակայն եվրաինտեգրացիայի և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև «մի շարք միջադեպերից և ընդհարումներից հետո» որոշում է կայացվել ցրել ցույցը: 

Վերջին չորս օրերի ընթացքում դաժան մարտեր են տեղի ունենում Դամասկոսի արվարձաններում՝ Արևելյան Ղաութայում և Կալամուն լեռնաշղթայի մոտ` Սիրիական կառավարական բանակի, «Հեզբոլլահի» մարտիկների և ապստամբական ուժերի միջև:

Բանգկոկում մի քանի օր է՝ չեն դադարում զանգվածային ցույցերը: Հազարավոր ցուցարարներ ներկայիս կառավարությանը մեղադրում են նախկին բռնապետ Տակսին Չինավատի հետ ստվերային կապերի մեջ և պահանջում են չեղյալ հայտարարել օրենքը, համաձայն որի՝ արտաքսման մեջ գտնվող բռնապետին կարող է ներում շնորհվել:

Այսքանն էին շաբաթվա հիմնական իրադարձությունները. սպասենք հաջորդին: 

Նախորդ հոդվածը‘Դպրոցը սպանում է ազատ եւ արժանապատիվ երեխային’
Հաջորդ հոդվածը‘Աստղեր ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից’