‘
Հայաստանի կանանց հավաքականը նախորդ տուրում Ուկրաինայի ընտրանուն պարտվելուց հետո կրկին վերելքով հանդես եկավ: Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում մեր շախմատիստուհիները 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Իրանի հավաքականի նկատմամբ:
Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Սարասադաթ Խադեմալշարիեին և Մոթահարե Ասադիին:
Էլինան օլիմպիադայում 5-րդ հաղթանակը տոնեց: Նա անցկացրած 8 հանդիպումներում 6 միավոր է վաստակել: Աննան ևս 5-րդ հաղթանակը տոնեց: Նա մասնակցել է թիմի անցկացրած բոլոր 9 մրցախաղերին, որոնցում իր օգտին 6 միավոր է գրանցել:
Մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը հաշտություն կնքեցին Մոբինա Ալինասաբի և Անահիտա Զահեդիֆարի հետ:
Այս հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 15 միավոր: 16 միավորով առջևում Չինաստանի ընտրանին է, որը 3-1 հաշվով պարտության մատնեց ղազախներին:
‘